Home / Դատարան / Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

«Հայրենիք» կուսակցության առաջնոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ազատ են արձակել։ Նոյեմբերի 14-ին Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայություն էին հրավիրել և ձերբակալել։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Շենգավիթի դատարանի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին:

Ինչպես հայտնի դարձավ այսօր ավելի վաղ, Վանեցյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Սույն հոդվածներով նախատեսված արարքը կատարելու մեջ են մեղադրվում նաև նախօրեին ձերբակալված Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Նրանցից ոչ-ոք մեղադրանքները չի ընդունում՝ դրանք քաղաքական հետապնդում որակելով։

ԱԱԾ-ն երեկ հաղորդել էր, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն։