Դանիան իր բանտարկյալների համար ծրագրում է 10 տարով 210 միլիոն եվրոյով 300 բանտախուց վարձել Կոսովոյում, հայտարարել է Դանիայի կառավարությունը։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ խցերը կօգտագործվեն օտարերկրյա բանտարկյալների համար, ովքեր պետք է արտաքսվեն պատիժը կրելուց հետո:
«Մենք պետք է աշխատենք Կոսովոյում բանտային տարածքներ վարձակալելու ծրագրի վրա՝ դատապարտյալներին երրորդ աշխարհի երկրներ արտաքսելու համար», – TV2-ի հետ հարցազրույցում ասել է Դանիայի արդարադատության նախարար Նիք Հեկերուպը։
Ծրագիրը նպատակ ունի զսպել Դանիայի բանտերի գերբնակեցումը:
5,8 մլն բնակչություն ունեցող այս երկրում բանտարկյալների թիվը 2015 թվականից ի վեր աճել է 19%-ով՝ 2021 թվականի սկզբին հասնելով ավելի քան 4000-ի։
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին Դանիայի քրեակատարողական ծառայության պատվիրակությունն այցելել էր Կոսովո՝ բանտային պայմաններին ծանոթանալու: