Ամուսնու պայթեցրած նռնակի հետևանքով մահացած կինը դեպից առաջ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն, խնդրել ապահովել իր անվտանգությունը, սակայն ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել: Այս մասին News.am-ին պատմեց մահացած կնոջ բարեկամուհին:
Մարտի 11-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել էր, որ մի տղամարդ հետապնդում էր նախկին կնոջը։ Նշվում էր, որ հետապնդվող կնոջը Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ էին տեսել, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ավելի ուշ Զովունու դպրոցի մոտ հայտնաբերվել էին 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։
Բարեկամուհին պատմել է ոստիկանության անգործության մասին։
«Դեպքի մասին ոստիկանությունը հրապարակել է այն, ինչ իրականում եղել է։ Դպրոցի հենց բակում, որտեղ նրանց 4 երեխաներից երկու անչափահասներն են սովորում, պայթեցրել է իրեն ու նախկին կնոջը։ Երեխան եկել, տեսել է իր մորն այդ վիճակում։
Ես ավելի շատ ուզում եմ խոսել ոչ թե դեպքի մանրամասներից, այլ ոստիկանության անգործությունից։ Նելլին ոստիկանությունում բազմաթիվ դիմումներ է գրել։ Հունվարին դեպք էր եղել, որ ինքնաշեն զենքով մահափորձ է արել ամուսինը, քաշքշուք էր եղել, զենքն էին գտել Դավիթաշեն 3-րդ թաղամասում, դա նորից նա էր՝ հորաքրոջս նախկին փեսան․ գնացել էր, որ սպանի իր տղային, նախկին կնոջը։ Զենքը չէր կրակել, նրան գտել էին, բռնել, տարել ոստիկանություն ու հենց նույն գիշեր բաց թողել՝ առանց որևէ հետևանքների։
Խոշտանգումների, ծեծի ապացույցներ են ներկայացվել, խանութում աշխատելու ընթացքում եկել, ծեծել է, աշխատակիցները ոստիկանությունում վկայություն են տվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին է դիմել, ասել են՝ արի, մենք քեզ ապաստան կտանք, բայց առանց երեխաների, ո՞ր ծնողը իր անչափահաս երեխաներին կթողնի։ Ասում էր՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել։ Նա ոստիկանությունում ամեն բան փաստարկված ասել է, որ նախկին ամուսինը սպառնում է, կսպանի իրեն, իր երեխաներին վնաս կտա։ Այդ մարդը տարիներով խոշտանգել է, այդ աղջկա կյանքը դժոխք է դարձրել, և բոլորն էլ այդ մասին իմացել են։ Անգամ բաժանվելուց հետո է ոստիկանություն ահազանգել, որ հետապնդում է։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ օրը ցերեկով երեխաների դպրոցի պատուհանի տակ նման բան արեց՝ որբ թողնելով չորս երեխայի»։
Բարեկամուհու խոսքով` մահացած կինը` Նելլին, վերջերս շատ հաճախ էր գնում ոստիկանություն, սակայն նրան ուշադրություն չէին դարձնում. «Գնա, մարդուդ հետ հարցերդ լուծիր, ի՞նչ ես եկել, գործ տալիս, այն դեպքում, երբ խանութից մի ձու գողացողին կալանավորում են: Նելլին առավոտյան աշխատանքի է գնացել, նրան աշխատանքի վայրից քարշ տալով, ծեծելով է բերել դեպքի վայր։ Բարեկամների ասելով՝ ինչ-որ մեկը դուրս է եկել դիմացը, ուզեցել է փրկի, ասել է՝ քեզ էլ կպայթեցնեմ։
Դեպքի նախորդ օրն իմացել է՝ որտեղ են ապրում, եկել, տուն է մտել, փորձել է էլի ծեծել կնոջը, սպանել երեխաներին, տան ամենափոքրը՝ 10-ամյա երեխան է դուրս եկել, թողել, փախել է՝ ասելով՝ շնորհակալ եղեք, որ թողնում եմ՝ ողջ մնաք։ <…> Դեպքից հետո ոստիկանները եկել, լցվել են իրար գլխի որպես ի՞նչ։ Ե՛վ անչափահաս, ե՛վ չափահաս երեխաները իրենց մորն այդ վիճակում տեսել են:
Նելլին կիրթ, դաստիարակված կին էր, գերազանցությամբ ավարտել է դպրոցը, բոլոր երեխաներին լավագույն կրթությունն էր աշխատում ապահովել՝ չնայած նման դաժան կյանքին, նրանցից մեկը բժիշկ է։ Հեռախոսում բոլոր դիմումների ապացույցները պահպանվում են։ Հուսանք՝ այս դեպքից հետո ոստիկանությունը կսթափվի, մի կնոջ կյանք կփրկվի, Նելլին իրեն շատ լավ կզգար»։