Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը 2022 թվականին պատրաստվում է 11%-ով մեծացնել գազի արտահանումը Թուրքիայով դեպի Եվրոպա։
«Մենք ուզում ենք ավելի կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության կառույցում, սակայն չենք փորձում զբաղեցել ինչ-որ մեկի տեղը շուկայում»,- պարզաբանել է նախարարության ներկայացուցիչ Օրխան Զեյնալովը։
2021 թվականին Ադրբեջանից Եվրոպա է արտահանվել 8,2 մլրդ խմ բնական գազ։ Համեմատության համար՝ ըստ International energy agency-ի, նույն թվականին Եվրամիությունը Ռուսաստանից ներկրել է 155 մլրդ խմ բնական գազ, որը կազմել է ԵՄ ներկրված գազի շուրջ 45%-ը և ամբողջ սպառողական ծավալի մոտ 40%-ը։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը 2022 թվականին պլանավորում է մինչև 9,1 մլրդ խմ բնական գազ մատակարարել Եվրոպա և ևս 8,2 մլրդ՝ Թուրքիա։ Ենթադրվում է, որ 2023-ին երկրից ԵՄ արտահանվող գազի քանակը արդեն կկազմի 11 մլրդ խմ։ Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը բացի գազից հետաքրքրված է նաև վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի արտահանմամբ։
Ադրբեջանից Եվրոպա գազի կոմերցիոն մատակարարումն իրագործվում է Հարավային գազային միջանցքի միջոցով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ Այն ձգվում է Բաքվից մոտ 3,5 հազար կմ՝ Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով և Ալբանիայով մինչև Իտալիայի հարավ։ Միջանցքն ինտեգրված համակարգ է, որն ընդգրկում է Տրանս-Ադրիատիկ (TAP), Հարավ-Կովկասյան և Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարները։
Նախատեսված է TAP-ով տարեկան ավելի քան 10 մլրդ խմ գազի արտահանում, որը բավական է Հունաստանում գազի պահանջարկի 17%-ը, Իտալիայում՝ 10%-ը և Բուլղարիայում՝ 33%-ը բավարարելու համար։ Գազատարի հիմնական աղբյուրը Շախ-Դենիզ հանքավայրն է՝ 1,2 տրիլլիոն խորանարդ մետր գազի պահեստներով։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանի գազային պահեստները գնահատվել են մոտ 2,6 տրիլիոն խորանարդ մետր ծավալի։