Home / Բանտ / Գորիսի քաղաքապետը ազատ է արձակվել

Գորիսի քաղաքապետը ազատ է արձակվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շուրջ 9 ամիս կալանքից հետո արդարացվել է ընտրական հանցագործությունների հոդվածներով։ Նույն դատարանի որոշմամբ իրեն վերագրվող բոլոր արարքներում անմեղ է ճանաչվել Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը, ով նախ քաղաքապետի դեմ ցուցմունք էր տվել, հետո՝ հրաժարվել դրանից։

Միաժամանակ դատարանը Առուշանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Վերջանական պատիժը սահմանավել է 6 ամիս և 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել․ 1,5 տարի փորձաշրջանի սահմանմամբ քաղաքապետը ազատ է արձակվել։ Դատարանի որոշմամբ՝ նա 5 տարով զրկվել է ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Ինքնիրավչության հոդվածով նշանակվել է տուգանք 700 000 դրամի չափով։

Նրա փաստաբանն «Ազատությանն» ասել է, որ բողոքարկելու են դատարանի վճիռը, և քանի դեռ այն ուժի մեջ չի մտել, Առուշանյանը կարող է գնալ քաղաքապետարան՝ աշխատանքի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին կալանավայրում գտնվող քաղաքապետը հասցրել էր վերընտրվել՝ առանց քարողարշավի։

Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որ կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Կալանավորվել են նաև Մեղրիի նախկին համայնքապետը, Որոտանի, Քաջարանի և Քարահունջի համայնքապետերը։