Home / Հայաստան / Աբխազիան Ռուսաստան չէ, Օսեթիա չէ, Ղարաբաղ չէ

Աբխազիան Ռուսաստան չէ, Օսեթիա չէ, Ղարաբաղ չէ

Աբխազիան սպառնում է՝ օտարերկրյա փորձագետները, որոնք պահանջում են փոխել հանրապետության անկախ կարգավիճակը, կարող են պերսոնա նոն գրատա հայտարարվել։ Ի թիվս այլի, այս կարգավիճակը ենթադրում է Աբխազիա մուտքի արգելք։

Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար հանրաքվե անցկացնելու գաղափարի, որը շրջանառության մեջ է դրվել Ռուսաստանի որոշ քաղաքական և փորձագիտական ​​շրջանակների կողմից, Սուխումը բացահակայն արձագանք է տվել։

«Աբխազիայի հրաժարումը՝ հետևել Հարավային Օսեթիային, որի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր հանրաքվե անցկացնելու և Ռուսաստանի մաս դառնալու իր մտադրության մասին, որոշ ռուս քաղաքագետների կողմից բարձրացրեց աբխազների «անշնորհակալ լինելու» մեղադրանքների բուռն ալիք, հնչեցին նաև խնդիրը աբխազների կամքին հակառակ լուծելու մասին կարծիքներ», – գրում է Jam-news պարբերականը։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիի և Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շամբայի հայտարարում են, որ Աբխազիան վաղուց ինքնորոշվել է և չի ծրագրում լինել Ռուսաստանի կազմում։

Ի պատասխան, հավանաբար, հենց այս հայտարարությունների՝ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան նշում է․ «

«Մենք պետք է ավելի քիչ արձագանքենք առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին», – ի պատասխան, հավանաբար, Աբխազիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, ասում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան։

Ըստ ռուսաստանցի օրենսդիրի, «եթե հանրաքվե անցկացնելու որոշում կայացվի, և ժողովրդի մեծամասնությունը քվեարկի «կողմ», նման որոշում կկայացվի»։

«Աբխազիայի Հանրապետության պետական ​​ինքնիշխանությունը, անկախությունը, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսանալը անվիճելի են և քննարկման առարկա չեն կարող լինել։ Նման հրապարակումները անհեռանկար նպատակ են հետապնդում՝ բացասական ֆոն ստեղծել աբխազա-ռուսական միջպետական ​​հարաբերությունների համար»,- հայտարարում է Աբխազիայի ԱԳՆ-ն։

Պաշտոնական Սուխումը սպառնում է՝«երկրի շուրջ տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելու փորձերը շարունակելու դեպքում Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրեն իրավունք է վերապահելու կանխակալ քաղաքագետների նկատմամբ գործարկել «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մեխանիզմը»։

Jam-news-ը հիշեցնում է՝ Աբխազիայի օրենսդրության համաձայն, անկախ հանրապետության կարգավիճակը փոփոխության ենթակա չէ։ Բացի այդ՝ Աբխազիայի քրեական օրենսգիրքը պատիժների մի ամբողջ փունջ է նախատեսում հանրապետության անկախ կարգավիճակի վերանայման (օրինակ՝ Ռուսաստանին միանալու) հրապարակային կոչերի համար։

Ավելի վաղ, հիշեցնենք, Հարավային Օսեթիայի նախագահը հայտարարել էր, թե մասամբ ճանաչված հանրապետությունը ուզում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։

«Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է, մեր ճանապարհը, ժողովրդի ակնկալիքը: Եվ մենք այս ճանապարհով ենք շարժվելու: Մոտ ապագայում մենք համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք: Հարավային Օսեթիայի Հանրապետությունը դառնալու է իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի մասը», – ասել էր Անատոլի Բիբիլովը։

Ապրիլի 12-ի իր հրապարակային հայտարարություններից մեկում այս հեռանկարը չէր բացառել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահը։ Խոսելով ԼՂ ապագայի մասին, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Կարող է լինել անկախություն, կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություն՝ ուղղահայացի շրջանակներում»։