Շրի Լանկայում ցույցերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ. Al-Jazeera-ն հայտնում է, որ ուժայինները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով նրանցից 1֊ը զոհվել է, 13՝ վիրավորվել։
Ոստիկանությունը հաստատել է, որ կրակել են ցուցարարների վրա՝ մայրաքաղաքից մոտ 90 կմ հեռավորության վրա գտնվող Ռամբուկանա (Rambukkana) բնակավայրում։ Ոստիկանության խոսնակի խոսքով, ցուցարարները երկաթուղային ճանապարհներ ու փողոցներ էին փակել և չէին հեռանում՝ անտեսելով ոստիկանության նախազգուշացումները։ Խոսնակը նաև նշել է, որ մի քանի ոստիկան նույնպես վիրավորվել է։
Տեղի կառավարական հիվանդանոցում բժիշկներից մեկը հայտնել է, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով 14 մարդ է տեղափոխվել, որոնցից 1֊ը մահացել է, 3֊ը վիրահատվել են և այժմ գտնվում են բժշկական հսկողության տակ։
Նա նաև հայտնել է ցուցարարների հետ բախումների հետևանքով հիվանդանոց ընդունված 15 ոստիկանների մասին․ նրանք թեթև վնասվածքներ են ունեցել, որոնք, բժշկի ենթադրությամբ, ցուցարարների կողմից նետած քարերի հետևանք են։
Հիշեցնենք՝ Շրի Լանկայում ցույցերը սկսվել էին մարտի 31֊ին, երբ երկրում օրեցօր ահագնացող տնտեսական ճգնաժամի հետևանքով բնակիչները դուրս են եկել փողոց։ Նախագահի գրասենյակը ցուցարարներին «կազմակերպված էքստրեմիստներ» էր անվանել, իսկ ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենա էին կիրառել։ Տասնյակ ցուցարարներ վիրավորվել էին, 54֊ը՝ ձերբակալվել։
Երկրի իշխանությունը ընդունակ չէ վճարել վառելիքի, սննդի կամ դեղամիջոցների ներկրման համար․ ապրիլի 12֊ին Շրի Լանկան ժամանակավոր դեֆոլտ է հայտարարել՝ չկարողանալով վճարել արտաքին պարտքը։
Ցուցարարները նախագահ Գոթաբայա Ռաջափաքսեյի հրաժարականն են պահանջում։
Ցույցերի արդյունքում կառավարության 26 նախարարներ, այդ թվում՝ նախագահի որդին և երկու եղբայրները, հրաժարական են տվել, սակայն նախագահն ու վարչապետը շարունակում են պաշտոնավարել։