Թուրքմենստանում տարասեռ զույգերին ձերբակալում են համակրանք ցույց տալու համար՝ օրինակ, երբ նրանք հրապարակավ իրար ձեռք են բռնում կամ միասին նստում են նստարանին։
Տասնյակ նման դեպքերի մասին գրել է Ազատության թուրքմենական՝ Azatlyk Radiosy գործակալությունը։
Տեղի բնակիչներից մեկը Azatlyk-ին պատմել է, որ թուրքմենական քաղաքներից մեկում իրեն ու իր կնոջը ձերբակալել և ձեռնաշղթաներով ոստիկանական բաժանմունք են տարել միայն այն պատճառով, որ իրենք հասարակական վայրում իրար ձեռք էին բռնել։
Տղամարդու խոսքերով, նա կապվել է հարազատների հետ, խնդրել, որ իրենց ամուսնության վկայականը բերեն։ Չնայած զույգը պետության կողմից արտոնված հարաբերությունների մեջ էր, ոստիկանությունում նրանց պարտադրել են թուրքմենական ավանդական արժեքների մասին մի ամբողջ դասախոսություն լսել։ Նրանցից բացի՝ նույն բաժանմումքում այդ ժամանակ ևս մի քանի զույգեր են եղել․․․
Նույն հիմքով ձերբակալված մեկ այլ բնակիչ պատմել է, որ դասախոսությունը հիմնականում հասցեագրված էր կանանց․ բանախոսները, որոնցից մեկը ոստիկան էր, մյուսը անհայտ կին պաշտոնյա, նախատում էին նրանց «անխղճաբար շպարվելու» և «տղամարդկանց ձեռքը բռնելով անպարկեշտություն ցուցաբերելու» համար։
Բերման ենթարկվածները ազատ են արձակվել, երբ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, որ այլևս հրապարակայնորեն համակրանքի դրսևորումներ չեն ցուցադրի։
Ամսվա սկզբին Azatlyk-ի աղբյուրները հայնել են, որ թուքմենստանյան իշխանությունը մտածում է արգելել տեղացի կանանց ուղեվորվել արտասահման՝ առանց իշխանության կողմից հատուկ թույլտվության։ Աղբյուռի տվյալներով բացառություն կարող են լինել այն կանայք, որոնք մեկնում են արտերկիր բուժում ստանալու նպատակով։