Կառավարությունը 400 միլիոն դրամ կտրամադրի՝ անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրի 2020-2023թթ․ շարունակականությունն ապահովելու համար։ Որոշումն ընդունվել է գործադիրի հունիսի 2-ի նիստում։
«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ։ 1․ Միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ 2․ Հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար։ 3․ Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն»,- նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ըստ նախարարի՝ եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, գյուղերում վարկի մնացորդի 10 տոկոսի, իսկ Երևանում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ աջակցություն է տրվում։ Երրորդ և չորրորդ երեխայի դեպքում նշաձողը բարձրացվում է մինչև 2 միլիոն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, և ընտանիքում արդեն 3-րդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 միլիոն դրամ աջակցություն է տրամադրում։
Աջակցության այս ծրագիրը ընդունվել է դեռևս 2020 թվականին․ ամեն տարի բյուջեից միջոցներ են հատկացվում՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։
«Հիմա առաջին անգամ մի իրավիճակի առաջ ենք կանգնել, երբ բյուջեով ի սկզբանե նախատեսած միջոցները չեն բավականացնում․ մենք դրանից ուրախանում ենք և ավելացնում միջոցները», – նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, մինչ այս բյուջետային հատկացումները կամ բավարարում կամ նույնիսկ ավելանում էին։
Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցությունից օգտվել է 3250 շահառու ընտանիք․ պետության մասնակցությունն այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։
«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 ընտանիք։ Դա մոտ այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցրած։ 2022 թվականին ծրագրից արդեն օգտվել է շուրջ 900 շահառու։ Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ, և այս նախագծի ընդունման դեպքում անմիջապես նրանց գումարները կվճարվեն», – ամփոփել է նախարարը։