Home / Հայաստան / Երևանի կենտրոնը կրկին երթևեկելի կդառնա

Երևանի կենտրոնը կրկին երթևեկելի կդառնա

Հայաստանի և Ղարաբաղի նախկին պաշտոնյաների նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը որոշել են վաղը Ֆրանսիայի հրապարակից հավաքել մայիսի 1-ից տեղադրված վրանները։

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը այսօրվա հանրահավաքին ասել է, որ ազատում են Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկելի հատվածը՝ «նկատի ունենալով, որ ցանկության և անհրաժեշտության դեպքում երկու ժամ հետո ցանկացած հրապարակում» կվերականգնեն վրանային ավանը:

«Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը: Այստեղ մարդիկ անձնվիրաբար օրուգիշեր անցակացրել են, սակայն եկել է պահը, որ այդ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարեւոր տեղերում: Ֆրանսիայի հրապարակն այլեւս «Դիմադրություն» շարժմանն է՝ անկախ նրանից, այստեղ վրաններ կան, թե ոչ:

Մեր պայքարի ընթացքում մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ: Շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած», – հայտարարել է դաշնակցական պատգամավորը։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող օրենդիրը հավելել է, որ ամենշաբաթյա միջոցառումներ են անելու, փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների շուրջ մասնագիտական քննարկումներ, պարտադիր գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ, հանրահավաքներ, երթեր, ձևավորելու են շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումներ, ներառյալ Արցախում, Սփյուռքում և այլն:

Պատգամավորի մանդատ ունեցող Սաղաթելյանը նշել է նաև, որ ընդդիմությունը շարունակելու է բոյկոտել Ազգային ժողովի աշխատանքը։

Ելույթի վերջում դաշնակը կոչ է արել բռունքները վեր պարզել և այդպես գնալ տուն։