Home / Բանտ / Ուժայիններին բացահայտող լրագրողը ազատազրկվեց 22 տարով

Ուժայիններին բացահայտող լրագրողը ազատազրկվեց 22 տարով

«Коммерсантъ» և «Ведомости» թերթերի նախկին լրագրող 32-ամյա Իվան Սաֆրոնովը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մոսկվայի դատարանը 2020 թվականին ձերբակալված լրագրողին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության հոդվածով։ Սաֆրոնովին նշանակվել է նաև 500 հազար ռուբլի տուգանք (մոտ 8000 ԱՄՆ դոլար)։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։

Լրագրողին երկու դրվագներով են մեղավոր ճանաչել։ Ըստ դատարանի Սաֆրոնովը՝

— 2015-ին տեղեկատվություն է փոխանցել գերմանացի քաղաքագետ Դեմուրի Վորոնինին Սիրիայում գտնվող ռուսական զորքերի մասին, 

— 2017-ին Չեխիայի քաղաքացի Մարտին Լարիշին փոխանցել է Ռուսաստանից աֆրիկյան երկրներ զինամթերքի մատակարարման մասին տվյալներ և Մերձավոր արևելքում ռուսական զորքերի ռազմական գործողությունների մասին տեղեկություններ։

Ընդ որում, ինչպես պարզել են Проект գործակալության լրագրողները, մեղադրանքը հաստատվում է միայն ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տրամադրած տեղեկանքով։ Проект-ի լրագրողները նաև հայտնաբերել են, որ բոլոր «պետական գաղտնիքները», որոնց բացահայտումը վերագրվում է Սաֆրոնովին, հասանելի են եղել հանրային տիրույթում։ 

Գործի հարուցման իրական պատճառները հայտնի չեն։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, Կրեմլը, ինչպես նաև անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել են, որ Սաֆրոնովի գործը որևէ կապ չունի նրա լրագրողական գործունեության հետ։ 

Միևնույն ժամանակ, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ հատուկ ծառայությունները Սաֆրոնովին սկսել են հետապնդել 2019-ին՝ Եգիպտոսին Սու֊35 կործանիչներ մատակարարելու համաձայնագրի մասին հոդվածի տպագրությունից անմիջապես հետո։ Հոդվածի հրապարակումից հետո եգիպտական պաշտոնյաները երկու նամակ են գրել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ծառայությանը՝ հայտնելով, որ «Եգիպտոսի Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը Սաֆրոնովի հոդվածի պատճառով անհարմար դրության մեջ է հայտնվել»։ 

Մոսկվայի դատարանը սկսել է քննել Սաֆրոնովի գործը միայն այս տարվա ապրիլին՝ ձերբակալությունից մոտ 2 տարի անց։ Բոլոր նիստերը անցկացվել են փակ ռեժիմով։ Դատախազությունը լրագրողի համար 24 տարվա ազատազրկում էր պահանջել։ Սաֆրոնովի փաստաբաններից Եվգենի Սմիրնովը պատմել է, որ դատախազը հենց նիստի ընդմիջման ժամանակ լրագրողին առաջարկել է ընդունել մեղավորությունը 12 տարվա ազատազրկման դիմաց, սակայն Սաֆրոնովը մերժել է առաջարկը։ 

Իվան Սաֆրոնովը ձերբակալվել էր 2020 թվականի հուլիսին՝ Մոսկվայում, աշխատանքի գնալիս․ լրագրողն այդ ժամանակ աշխատում էր «Ռոսկոսմոս» կորպորացիայում, որպես ղեկավար Դմիտրի Ռոգոզինի խորհրդական՝ տեղեկատվական քաղաքականության գծով։ Գործատուն հայտնել էր, որ լրագրողի նկատմամբ դատական գործը «Ռոսկոսմոսի» հետ կապ չունի։ Ավելի վաղ Սաֆրոնովը աշխատում էր «Կոմերսանտ» թերթում, որտեղ որպես ռազմական դիտորդ աշխատում էր նրա հայրը՝ մինչև մահանալը (2007 թ․)։ 

Ձերբակալվելուն նախորդող տարվա ընթացքում Սաֆրոնովը գրել էր «Լոշարիկ» սուզանավի աղետի մանրամասների մասին, Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովի կողմից Ռուսաստանի հերոսի կոչման յուրացման և «Գռոմ֊2019» մարտավարական զորավարժություններում հաստատված ոչ կանոնակարգային հարաբերությունների մասին։