Գյուղացիների խոսքով՝ հրդեհված կացարանի պատուհաններին ճաղավանդակներ են եղել, վառարանը, որից բռնկվել է հրդեհը, տեղադրված է եղել մուտքի մոտ․ քնած զինծառայողների մի մասը ծխահարվել է, մյուսները փորձել են կոտրել ճաղավանդակները, որ կարողանան դուրս գալ։ Զոհվել են նաև օգնության հասած վերակարգի զինծառայողները։
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը Ազատ գյուղից որոշ մանրամասներ է պատմել 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհի մասին։
Ըստ նրա, այրված շինությունը զորամաս և/կամ զորանոց էլ չէր, այն՝ գյուղի հին տներից մեկը, որտեղ «ստորաբաժանումից առանձին ժամանակավորապես տեղավորվել էին ինժեներասակրավորային վաշտի զինծառայողները»: Թե ինչու էին զինծառայողներն այնտեղ գիշերում՝ պարզ չէ։
«[Գյուղի բնակիչները] պատմում են, որ վառարանը դրված է եղել կացարանի մուտքի մոտ։ Կրակը, այսինքն, դռան մոտ է բռնկվել։ Քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են։ Վերակարգի զինծառայողները դրսում են եղել, օգնության են հասնել։ Բնակիչներն ասում են, որ օգնության հասած զինվորներն էլ են հրդեհի զոհ դարձել», – պատմել է Ոսկանյանը։
Տեղացիների խոսքով, ներսում մնացած զինվորներից մի քանիսը կոտրել են ճաղավանդակով պատված պատուհանը, որ կարողանան դուրս գա։ Լրագրողը ենթադրում է, որ խոսքը վիրավոր զինծառայողների մասին է։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, գիշերը 01։30 սահմաններում «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում» հրդեհ է բռնկվել։ Ըստ ԱԻՆ-ի, հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին:
«Հրդեհի հետևանքով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ», – ավելի ուշ գրել է դատախազությունը։
Հրդեհը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման հետևանքով՝ հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահը։ Պաշտպանության նախարարն էլ հավելել է՝ «օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»։
«Փորձ է արվել 5 լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ։ Երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ՝ ոչ դիտավորյալ», – հավելել է վարչապետը։
տե՛ս Զորամասի հրդեհի պատճառը արգելված բենզինն էր․ Կառավարություն
2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու փոխհրամանատարները պաշտոնանկ են ավրվել։ Քրեական գործ է հարուցվել։ Մեղադրյալներ չկան։