Ուգանդայի խորհրդարանը նոր օրինագիծ է ընդունել, որի համաձայն՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր կամ քվիր լինելը քրեորեն պատժելի հանցանք է համարվում։
Պատգամավորներից 389-ը՝ բոլորը բացի 2-ից, կողմ են քվեարկել օրինագծին, ըստ որի ցմահ ազատազրկում է սահմանվում սեռական հարաբերություն ունենալու, ինչպես նաև նույնասեռականներին «հավաքագրելու, աջակցելու, կամ ֆինանսավորելու համար»։
Օրինագծի համաձայն, «խորացված» նույնասեռականության համար մարդկանց կարող են մահապատժի ենթարկել։ Որպես «խորացված» նույնասեռականության օրինակներ են համարվել ԼԳԲՏ+ անձանց սեռական հարաբերություն ունենալը անչափահասների (18-ը չլրացած) կամ ՄԻԱՎ վարակակիրների հետ։
«Մեր Աստված գոհ է նրանից, ինչ կատարվում է։ Ես աջակցում եմ օրինագծին՝ մեր երեխաների ապագան պաշտպանելու համար․․․ Սա մեր ազգի սուվերենության մասին է, ոչ ոք չպետք է մեզ շանտաժի ենթարկի, ոչ ոք չպետք է մեզ վախեցնի», – ասել է պատգամավորներից մեկը՝ օրինագծի ընդունմանը զուգորդող ելույթների ժամանակ։
Այժմ օրինագիծն ուղարկվել է երկրի նախագահ Յովերի Մուսևենիի վերջնական հաստատմանը։
37 տարի շարունակ նախագահի պաշտոնում գտնվող տղամարդը դեռ չի մեկնաբանել օրինագիծը, սակայն նախկինում բազմաթիվ անգամներ հակադրվել է ԼԳԲՏ+ անձանց իրավունքներին։ 2013-ին նա փորձել էր հակա-ԼԳԲՏ+ օրենք ընդունել, որը, սակայն, քննադատվել էր արևմտյան երկրների կողմից և չեղարկվել Ուգանդայի Սահմանադրական դատարանում։
Մուսևենին հաճախ է ցույց տվել, որ ԼԳԲՏ+ անձանց խնդիրը առաջնային չի համարում և նախընտրում է արևմուտքի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել։
Միաժամանակ, փետրվարին նախագահը հայտարարել էր, որ արևմուտքը ցանկանում է, որ մյուս երկրները նորմալ դարձնեն «շեղումները», սակայն Ուգանդան չի ընդունելու նույնասեռականությունը։
«Արևմտյան երկրները պետք է դադարեն մարդկության ժամանակը վատնել՝ փորձելով իրենց սովորույթները մյուս մարդկանց հրամցնել», – Ուգանդայի խորհրդարանում մարտի 16-ին հայտարարել է 78-ամյա առաջնորդը։
«Ուգանդայի սեռական փոքրամասնություններ» կազմակերպությունը, որի գործունեությունը անցյալ տարի պաշտոնապես դադարեցվել է իշխանությունների կողմից, նոր օրինագծի վերաբերյալ արդեն իսկ հարյուրավոր անհանգստացած զանգեր է ստացել, գրում է The Guardian-ը։
Մարտի 10-ին՝ մինչև օրինագծի ընդունվելը, նույնասեռականության մեջ մեղադրվող 6 մարդ է ձերբակալվել, նախորդ շաբաթ՝ ևս 6-ը, հաղորդել է տեղի ոստիկանությունը։
Միայն փետրվարին, ավելի քան 110 LGBT+ ներկայացուցիչներ Ուգանդայում հաղորդել են ձերբակալությունների, սեռական ոտնձգությունների, իրենց հասարակայնորեն մերկացնելու և վտարելու դեպքերի մասին։ Ամենից շատ թիրախավորվել են տրանս անձինք։
«Մենք պետք է շարունակենք կռվել այս անարդարության դեմ։ Այս լեսբիան կինը ուգանդացի է և անգամ այդ թղթի կտորը [օրինագիծը] չի խանգարի ինձ վայելել իմ երկիրը։ Պայքարը նոր է սկսել», – իր թվիթերյան էջում գրել է ուգանդացի LGBT+ ակտիվիստներից մեկը։ Մեկ այլ ակտիվիստ, իր հերթին, հայտարարել է, որ իրենց պայքարը շարունակվելու է մինչև Ուգանդայում բոլորը կարողանան օգտվել սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքներից։
«Փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերությունների քրեականացումը միջավայր է ստեղծում, որտեղ կտարածվեն LGBT+ անձանց նկատմամբ խոշտանգումները և խտրականությունը», – օրինագիծը մեկնաբանել է Human Rights Watch-ը։
Ըստ կազմակերպության, նոր օրինագիծը խախտում է Ուգանդայի սահմանադրությամբ և Մարդու միջազգային իրավունքներով ամրագրված մի շարք հիմնարար իրավունքներ։
ԼԳԲՏ+ հարաբերությունները արգելված են ավելի քան 30 աֆրիկյան երկրներում։