Home / Հայաստան / Սերգեյ Լավրովը խոսեց հայկական կողմի ըմբռնման մասին

Սերգեյ Լավրովը խոսեց հայկական կողմի ըմբռնման մասին

Հայկական կողմը ըմբռնում ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել ներգրավվել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեջ՝ «համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի), այդ թվում ազգային իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաներից բխող իրավունքները համաձայնեցնելու համար»՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան բանակցություններից հետո հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Մի քանի ժամ տևած դռնփակ քննարկումը ամփոփվել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետևյալ հայտարարությամբ․

— Այսօր արդյունավետ բանակցություններ ենք վարել մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ.Ա. Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Ս. Միրզոյանի հետ: Սկզբում կազմակերպեցինք ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը, նախանշեցինք հետագա քայլերը՝ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Այնուհետեւ երեքով հանդիպեցինք, որպեսզի քննարկենք տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։

Մեր զրուցակիցներին ներկայացրեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք կազմում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, և այն քայլերը, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա- և գազամատակարարումն ապահովելու համար։ Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։

Ռուսաստանը՝ որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, սկսած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան այն եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։ Խոսել ենք ևս մեկ կարևոր դրույթի մասին, որն այդ պայմանավորվածությունների շրջանակում է: Նկատի ունեմ ամբողջ տարածաշրջանում անարգել երթևեկության ապահովումը, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ապաշրջափակումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատմանը, որը սերտորեն կապված է քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը առնչվող հարցերին:

Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը գիծ կքաշի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի և ադրբեջանցիների սկսած ջանքերի տակ:

Ճանապարհը հեշտ չէ:

Շատ բարդ և կարևոր հարցեր պետք է լուծվեն։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայում։

Դրա արդյունավետությունն այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։

Հայկական կողմը ըմբռնում ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել շուտափույթ ներգրավվել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեջ՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները, բխող իրավունքները համաձայնեցնելու համար:

Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների համար՝ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։

Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այս և այլ ուղղություններով:

Այս փուլում առավել մոտ է դիտարկվում երեք փոխվարչապետների գլխավորած և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ զբաղվող աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը:

Այս համատեքստում հնարավորություններ կբացվեն նաև տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, որոնք ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ:

Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը երկրորդ «ուղու» շուրջ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև։ Նաև հույս ունենք (առաջարկել ենք դա այսօր) սկսել եռակողմ երկխոսություն խորհրդարանականների գծով։

Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուսների։ Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։ Մեր գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս նախաձեռնության համար։ Շարունակելու ենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացնելու ծրագրեր կան»։

մինչ այդ

Նախքան եռակողմ հանդիպումը Սերգեյ Լավրովը հանդիպել է նախ Ջեյհուն Բայրամովի, այնուհետև՝ նաև Արարատ Միրզոյանի հետ։

Ադրբեջանի արտգործնախարարի հետ երկկողմ հանդիպման հրապարակային հատվածում Լավրովը ընդգծել է, թե Բաքվի հետ որոշակի փոխըմբռնում կա Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցում․ «Մենք շատ ենք գնահատում, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է»։

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, խոսելով Լաչինի միջանցքի ու Ղարաբաղում ստեղծված իրադրության մասին, Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան ուզում է աջակցել ի հայտ եկած սուր մարդասիրական խնդիրների լուծմանը և հավելել՝ «դրա համար կան ռուսական խաղաղապահ առաքելության բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ»։

հ․գ․

Ելույթից առաջ Սերգեյ Լավրովի օգնականը նրան հուշում է, որ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը», ինչից հետո Լավրովն անջատում է խոսափողը։ Իր խոսքում ՌԴ ԱԳ նախարարը այդ տերմինն չի օգտագործում։