Բաշկիր ակտիվիստ Ֆաիլ Ալսինովի դատավճռի հրապարակման օրը մի քանի հազար մարդիկ հավաքվել էին Բաշկորտոստանի Հանրապետության Բայմակի շրջանի դատարանի մոտ։ Ազգային թշնամանք հարուցելու մեղադրանքով Ալսինովը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Քրեակատարողական ծառայության մեքենան, որը նրան պետք է տեղափոխեր կալանավայր, մի քանի ժամ չէր կարողանում լքել դատարանի տարածքը՝ Ալսինովի աջակիցները փակել էին ճանապարհը, սկսվել էին բախումներ հատուկ ջոկատայինների հետ։
Ֆաիլ Ալսինովը, որը 2020 թվականին մասնակցում էր Կուշտաու սարի պաշտպանության զանգվածային շարժմանը, ազատազրկման է դատապարտվել անցած տարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ցույցի ժամանակ ելույթի համար։ Նրան մեղադրում են «հայերի», «Կովկասի և Կենտրոնական Ասիայի բնակիչների» դեմ ազգային թշնամանք հարուցելու մեջ։ Ալսինովի աջակիցները վստահ են՝ իշխանությունները փորձում են լռեցնել նրան, «վրեժխնդիր են լինում Կուշտաուի հաղթանակի համար»։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել են ինձ աջակցելու։ Երբեք չեմ մոռանա սրա մասին։ Ես մեղքս չեմ ընդունում։ Միշտ պայքարել եմ արդարության, իմ ժողովրդի, իմ հանրապետության համար։ Դեռ կտեսնվենք։ Իհարկե, չէի սպասում նման բանի։ Դատախազը 4 տարվա գաղութ-ավան էր պահանջել, բայց դատավորը ընդհանուր ռեժիմի բանտ նշանակեց։ Մենք բողոքարկելու ենք», – դատարանի դահլիճից դուրս գալիս ասել է Ալսինովը։
Նրա գործով նախորդ նիստերի ժամանակ էլ մարդիկ հավաքվում էին դատարանի բակում՝ աջակցելու (իրենց համոզմամբ՝ քաղաքական հետապնդման ենթարկվող) ակտիվիստին։ Երեկ դատարանի մոտ հավաքվածների թիվը հասնում էր մի քանի հազարի։ Նրանք հրաժարավում էին ցրկվել, վանկարկում էին «ամոթ»։
https://twitter.com/SibirPost/status/1747508920434802788
Ռուսաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինները՝ զինված վահաններով և մահակներով, ցուցարարներին փորձում էին հեռացնել դարպասների մոտից, որպեսզի Ալսինովին տեղափոխող մեքենան կարողանա լքել դատարանի տարածքը։ Սոցցանցերում տարածվող տեսանյութերում երևում է՝ ինչպես են ոստիկանները բերման ենթարկում առանձին ակտիվիստներին, ի պատասխան ցուցարարները ձյան կտորներ և գլխարկներ են նետում նրանց ուղղությամբ։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բախումների ընթացքում ոստիկանները ծխային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Հաղորդվում է մի քանի տուժածների մասին․ դատարանի մոտ շտապօգնության մեքենա էր եկել։
Տարածաշրջանում միևնույն ժամանակ խափանվել էր «ՎաթսԱփ» հավելվածի աշխատանքը, անհասանելի էին դարձել Ալսինովի աջակցիների տելեգրամ-ալիքները՝ «Կուշտաու Բայրամ» և այլն, փակվել էր ՌուսՆյուզ կայքը, որը լուսաբանում էր բողոքի ցույցերը։ «ՎԿոնտակտեն» արգելափակել էր բաշկիր ակտիվիստների «Իրանդըքսկի սաբանտույ» խումբը։
Մի քանի ժամ անց, երբ ուժայինների հետ բանակցություններին միացել է նաև բանտարկված ակտիվիստի հայրը, ցույցի մասնակիցները սկսել են կամաց-կամաց ցրվել։ Ժամը 17։00-ի սահմաններում մեքենան, որը Ալսինովին տեղափոխում էր գաղութ, լքել է դատարանի դահլիճը՝ տարածքում մնացած ցուցարարների ծափահարությունների ներքո։
Որոշ տվյալների համաձայն, ցուցարարներին խոստացել են ազատ արձակել բերման ենթարկվածներին, եթե նրանք դադարեցնեն ակցիան։ Թե քանի հոգու մասին է խոսքը՝ պարզ չէ․ որոշ տվյալներով, ձերբակալվածների թիվը հասնում է 20-ի։
Քննչական կոմիտեի Բաշկորտոստանի վարչությունից հաղորդել են, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներից հետո քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հոդվածով։ Ուժայինները հաղորդել են, թե տուժածներ կան նաև իրավապահների շրջանում։
Ալսինովի դեմ քրեական հետապնդումը սկսվել է անցած տարվա օգոստոսին՝ Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովի բողոքի հիման վրա։
2023-ի ապրիլին Ալսինովը մասնակցում էր Նախաուրալում ոսկու ապօրինի հանքահանության դեմ գյուղական հավաքին։ Իշմուրզինոյի բնակիչները պնդում էին, որ հանքը ոչնչացնում է գյուղատնտեսական հողերը և աղտոտում ջուրը։
Քննությունը պնդում է, թե հավաքի ժամանակ Ալսինովը «ելույթ է ունեցել բաշկիրերեն լեզվով», այդ ելույթը «արտահայտություններ է պարունակել, որոնք բացասաբար են գնահատում մի խումբ անձանց՝․․․ «Կովկասի և Կենտրոնական Ասիայի բնակիչներին», «հայերին»։
Խոսելով քարհանքերի մասին, որոնք ստեղծվել են Անդրուրալում ոսկու հանքարդյունաբերության հետևանքով, և լքված գյուղերի մասին՝ Ալսինովը հայտարարել է, թե մինչ բաշկիրները զոհվում են Ուկրաինում, Բաշկորտոստանում խլում են նրանց հողերը։ Հանքահանողները, որոնք ոչնչացնում են Բաշկիրիայի բնությունը, հետո կարող են վերադառնալ հայրենիք՝ ասել է ակտիվիստը, իսկ «ոսկու հանքարդյունաբերության հետևանքները հարվածելու են տեղի բնակիչներին», որոնք գնալու այլ տեղ չունեն։
Քննչականի պատվիրած թարգմանության համաձայն, Ալսինովը ասել է․ «Հայերը կգնան իրեն հայրենիք, «կարա հալքը»՝ իր հայրենիք, ռուսները՝ իրենց Րյազան, թաթարները՝ Թաթարստան։ ․․․Մենք վերաբնակցեվելու տեղ չունենք, մենք ուրիշ տուն չունենք, մեր տունն այստեղ է»։
Հետո Ալսինովը հավելել է․ «Հայերը խլում են մեր հողերը․ սա ասում եմ, իհարկե, փակագծերի մեջ առած՝ դա անում են ոչ միայն հայերը, այլև մյուսները»։
Ակտիվիստին մեղադրում են ազգային թշնամանք հարուցելու մեջ։ Դատախազության հիմնական արգումենտը «կարա հալք» արտահայտությունն է՝ բառացիորեն սա նշանակում է «սև ժողովուրդ», բայց ժամանակակից թյուրքերեն լեզուներում այն օգտագործվում է նաև «սովորական ժողովուրդ» նշանակությամբ։
Ընդ որում՝ իշխանությունները այս ընթացքում մի քանի տարբեր վարկածներ ունեին, թե ում է Ալսինովը նկատի ունեցել՝ կարա հալք ասելով։ Իր մատնագրում Բաշկիրիայի գուբերնատոր Խաբիրովը, օրինակ, հայտարարել է, թե ակտիվիստը «բաշկիր ժողովրդին հակադրել է հայ, ռուս և թաթար ազգերի ներկայացուցիչների հետ, ․․․ հրապարակավ սահմանափակելով նրանց սեփականության իրավունքը ազգային պատկանելիության հիմքով»։ Փորձաքննության մեջ, որը արվել է Խաբիրովի միջնորդությամբ, նշվում է, թե Ալսինովը վատ է արտահայտվել «հայերի» մասին։ Քրեական վարույթի շրջանակներում հետո ևս մեկ փորձաքննություն է արվել, գնահատականը վերանայվել և ընդլայնվել է, հայտարարվել է, թե Ալսինովը բացասաբար է գնահատել արդեն երկու խմբերի՝ «հայերին» և «Կովկասի ու Կենտրոնական Ասիայի բնակիչներին»։
Ակտիվիստը պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ․ «[Ընդամենը ասել եմ, որ] հայերը, օրինակ, իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություն ունեմ, հիշատակել եմ նաև թաթարներին և ռուսներին։ Ես չեմ ասել, թե նրանք իրավունք չունեն ապրել և աշխատել Բաշկորտոստանում ․․․ չեմ մեղադրել այս ազգերի ներկայացուցիչներին, որևէ ստորացուցիչ բառ չեմ ասել նրանց ուղղությամբ»։
Ալսինովի փաստաբան Իլնուր Սույունդյուկովը պարզաբանել է՝ ակտիվիստը հիշատակել է հայերին զուտ այն պատճառով, որ ընկերությունը, որը մտադիր էր այդ գյուղում հանքարդյունաբերությամբ զբաղվել, պատկանում է հայկական ազգանուններով մարդկանց։
Ալսինովի աջակցիները վստահ են՝ խոսքը ոչ թե սովորական քրեական գործի մասին է, այլ քաղաքական հետապնդման։ Ակտիվիստի բանտարկությունը նրանք վրեժ են համարում՝ Կուշտաուի զանգվածային և հաջողությամբ պսակված ցույցերի համար։
Կուշտաուն Բաշկորտոստանի պատմական վայրերից մեկն է՝ հին լեռ, որի վրա իշխանությունների արտոնմամբ հանք էին ուզում կառուցել։ Հանածոն հետագայում պետք է օգտագորվեր սոդայի արտադրության համար։
2019-2020 թվականներին Կուշտաուի համար մեծ կոնֆլիկտ էր ծագել սոդայի արտադրությամբ զբաղվող բաշկիրական ընկերության, տեղական իշխանությունների և բնակիչների միջև։ Սարի ստորոտում վրանային ճամբար էր ձևավորվել, որը հետագայում ցրվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Կային մի քանի տասնյակ ձերբակալվածներ։
Մարզպետ Խաբիրովն ի սկզբանե հայտարարում էր, թե սարի պաշտպանության շարժումը ծախված է, ոստիկանությունը պայքարում էր բնապահպան ցուցարարների և տեղի բնակիչների դեմ։ Երկարատև դիմադրության արդյունքում իշխանությունները նահանջեցին, հանքի շինարարությունը կասեցվեց, Կուշտաուն արժանացավ հատուկ պաշտպանության նեքո գտնվող բնական հուշարձանի կարգավիճակի։
Ալսինովի փաստաբանը BBC-ի հետ զրույցում պարզաբանել է՝ իր պաշտպանյալը «հանրապետությունում հայտնի մարդ է», «Բաշկորտ» կազմակերպության համահիմնադիրներից է: «Բաշկորտը» զբաղվում էր բաշկիրերեն լեզվի և մշակույթի պաշտպանությամբ, բնապահպանական և այլ հասարակական գործունեությամբ, պայքարում էր Բաշկիրիայի անկախության համար։ 2020 թվականին Ռուսաստանի իշխանությունները այն էքստրիմիստական են ճանաչել և արգելել։
«Անկեղծ ասած՝ Ալսինովը մասնակցել է տարածաշրջանի գրեթե բոլոր բնապահպանական նախաձեռնություններին՝ բողոքի ցույցերին, որոնք անցնում էին Բաշկորտոստանի Հանրապետության տարածքում», – նշել է նրա փաստաբանը։
Նա առաջին բաշկիր ակտիվիստը չէ, որը մասնակցել է Կուշտաուի շարժմանը և քրեական հետապնդման ենթարկվել հետագայում։ 2023-ի դեկտեմբերին Ուֆայի դատարանը 5 տարվա ազատազրկման էր դատապարտել նաև Ռամիլա Սաիտովային, որը տեսաուղերձով դիմել էր զորակոչված բաշկիրներին և կոչ արել չմասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։