Home / Մեդիա / Հյուսիսային Կորեան աղբով օդապարիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան աղբով օդապարիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան աղբով լցված տոպրակներ է ուղարկել դեպի Հարավային Կորեա` շուրջ 150 օդապարիկների միջոցով։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հնարավորության դեպքում մնալ տանը, տոպրակներով օդապարիկներին մոտենալն ու կպնելն արգելվել է։

Օդապարիկները երևացել են Հարավային Կորեայի ինը նահանգներից ութում։ Այժմ զինվորականները զբաղվում են դրանց ուսումնասիրությամբ։ Կան ենթադրություններ, որ աղբից բացի այդ տոպրակներում կարող են նաև պրոպագանդիստական թռուցիկներ լինել։

Սահմանամերձ շրջաններում Հարավային Կորեայի ակտիվիստները հաճախ թռուցիկներ են նետում դեպի Հյուսիսային Կորեա։ Օրեր առաջ պաշտոնական Փհենյանը հայտարարել էր, որ պատասխան գործողություններ են նախատեսում ձեռնարկել ընդդեմ այդպիսի «թռուցիկների և այլ աղբի նետումների»։

«Լիքը մակուլատուրա և աղբ կուղարկենք Կորեայի Հանրապետության սահմանային շրջաններ, որ իրենց վրա հասկանան, թե ինչքան ջանքեր են պահանջվում այդ աղբը մաքրելու համար», – կիրակի օրը հայտարարել էր ԿԺԴՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կիմ Կանգ Իլը։

Երեկ երեկոյան Սեուլի հյուսիսային հատվածների և Հարավային Կորեայի սահմանամերձ շրջանների բնակիչները տեքստային հաղորդագրություններ էին ստացել իշխանությունների կողմից` «ակտիվ հանգստից խուսափելու» խնդրանքով։ Քաղաքացիներին նաև հորդորում էին «անհայտ ծագման օբյեկտներ» հայտնաբերելու դեպքում դիմել մոտակա ռազմաբազա կամ ոստիկանական գրասենյակ։

Սոցիալական ցանցերում տարածվող լուսանկարներում երևում է, որ սպիտակ, կիսաթափանցիկ օդապարիկներին ամրացված են պլաստիկ տոպրակներ, որոնցում զուգարանի թուղթ է, կեղտոտ հող ու մարտկոցներ։ Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ, «գույնից և հոտից դատելով» կարելի է ասել, որ տոպրակներից որոշներում քաք էր։