Լեռնային Ղարաբաղից տեղահանված Լիանայի և Արթուրի ընտանիքը Հայաստանում բարդ դրության մեջ է հայտնվել։ Նրանք ապրում են Մարտունի քաղաքում, որտեղ նորմալ վարձատրվող աշխատանք գտնել գրեթե հնարավոր չէ, իսկ արդյունաբերական բնակավայրերին մոտ տուն վարձելը թանկ է։ Պետական աջակցությունը հազիվ է հերիքում ութ երեխա պահելուն։ Պարբերաբար նաև բյուրոկրատական խնդիրներ են ծագում։
Բնակվարձի և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 աջակցությունն ընտանիքը ստանում է երկու-երեք ամիս ուշացումներով։ Շատ հաճախ գումարը Մարտունիում ստանալ հնարավոր չէ․ բանկերի զգալի մասը, որոնցով պետությունը փոխանցում է գումարը, քաղաքում չկան։ «Պետք է ծախս անել ու գնալ այլ քաղաք», – ասում է Արթուրը։ Ուշացումների պատճառով հաճախ ստիպված են լինում նաև պարտք անել։
Ամենափոքր երեխային հասնող գումարը վերջին ութ ամիսների ընթացքում չեն ստացել։ Միասնական սոցիալական ծառայությունում պատճառաբանում են, որ երեխան ԼՂ-ից դուրս գալուց միգրացիոն ծառայությունում չի գրանցվել։ Ընտանիքը հակադարձում է՝ երեխան արդեն երկու տարեկան է, նրան Հայաստանից չեն գտել, ու եթե երեխային չեն գրանցել, դա Սոցապի և միգրացիոն ծառայության սխալն է։
Ղարաբաղից դուրս գալուց ընտանիքը չի կարողացել մի շարք փաստաթղթեր վերցնել՝ ծննդականներ, ատեստատներ, տան վկայականներ, անձնագրեր։ Փաստաթղթերի բացակայությունը խնդիրներ է առաջացնում։
Լիանայի և Արթուրի մեծ տղան՝ Ալբերտը, էպիլեպսիա ունի, Միհրանը՝ տեսողական հաշմանդամություն։ Նրանց անհրաժեշտ դեղորայքի և բուժման ծախսերը ընտանիքը հոգալ չի կարողանում, իսկ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով նաև հիվանդանոցից չեն կարողանում օգտվել և դեղեր ստանալ։
Լիանան բողոքում է նաև քաղաքապետարանի տրամադրած օգնությունից․ «Հիմնականում նպարեղեն են օգնություն տալիս երկու-երեք ամիսը մեկ, գոնե նորմալ ապրանք տան։ Գրեչկան, ձավարեղենը որդնած է լինում։ Իրենց ասում ենք, որ նման խնդիր կա՝ ասում են գոհ եղեք, որ դա էլ տալիս ենք»։
Նախկինում ընտանիքը բնակվել է Լեռնային Ղարաբաղի Վերին Հոռաթաղ գյուղում։ Այնտեղ տուն, հողամաս, անասուններ են ունեցել։ Լիանան հողամասով և անասուններով էր զբաղվում, Արթուրը զինվորական էր, երկու մեծ տղաներն էլ էին աշխատում։ Մեկը ռեստորանում մատուցող էր, մյուսը՝ ձկնորս։ Նրանց ամսական եկամուտը կազմում էր՝ 1-1,5 մլն դրամ։ Բլոկադայի ընթացքում ամենամեծ խնդիրը երեխաների քաղցրավենիքի և Արթուրի ծխախոտի հարցերն էին, մնացածը հասցնում էին։
«Ասում են՝ բլոկադայի ընթացքում ապրանք չկար։ Ես տեսել եմ իմ աչքով, որ Հաթերք սուպերմարկետների ցանցում ամեն ինչ էլ կար, բլոկերով սիգարետներ կային։ Զինվորի վրա 15 հազարով բլոկը վաճառում էին խանութները, բայց փաստորեն իրենց մոտ լավ էլ կար ամեն ինչ։ Բլոկադայի ժամանակ շատ բաներ, որ ուղարկում էին Հայաստանից, մեզ չէր հասնում, մնում էր հարուստներին», – ասում է Արթուրը։
Լիանան հիշում է, որ այդ ընթացքում ապահով են եղել, քանի որ հողամաս են մշակել, խոզ, հավ, ոչխարներ պահել։ Այժմ էլ դեմ չեն լինի անասնապահությամբ զբաղվել, սակայն անասուններ գնելու համար գումար չունեն։
2023-ի սեպտեմբերի 20-ի գիշերը հապճեպ լքել են գյուղը, չեն կարողացել ոչ մի բան վերցնել իրենց հետ։
«Հարևանս գալիս է մեր տան մոտ՝ յոթ ընտանիք իր ֆորդ մեքենայի մեջ։ Ասում է, որ գյուղում մենակ մենք ենք մնացել ու որ պետք է գնանք։ Մի կերպ հասել ենք Ստեփանակերտ։ Մի շենքի նկուղ մտանք, ու ես հասկացա, որ երեխեքս լրիվ ոտաբոբիկ, առանց նորմալ շորերի ու գիշերանոցներով են։ Էդ գիշեր մնացինք էդտեղ», – պատմում է Լիանան։
Առավոտյան գնացել են Ստեփանակերտի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչ պետք է անեն։ Հիշում է, թե ինչպես էին քաղաքապետարանի աշխատողները վառում արխիվը. «Մեզ ասեցին, որ պետք է արագ գնանք Ղարաբաղից, մեզ երեք օր ժամանակ են տվել, թե չէ գերի կվերցնեն ու կվառեն։ Աշխատողները ասում էին նաև, որ Աղդամում 3000 անձի համար բանտ են սարքել՝ առաջին պատերազմի մասնակիցներին են այնտեղ տանելու»։
Այդ ընթացքում Արթուրը շրջափակման մեջ է եղել, հրամանատարը Լիանային ասել է, որ ամուսինը մահացել է։
«Տեգրս գլուխը բաց մի կամազ էր գտել։ Մի քանի ընտանիքներ մոտեցան՝ խնդրեցին, որ իրենց էլ հանենք։ Քաղաքապատերանից մեզ 5-6 ադյալ տվեցին, բայց ադյալը ի՞նչ անի անձրևին։ Բարձրանում ենք մեքենան, այդ պահին ամուսինս գալիս գտնում է մեզ», – պատմում է Լիանան։