Home / Եկեղեցի / Դաղստանում զինված բախման զոհերի թիվը հասել է 19-ի

Դաղստանում զինված բախման զոհերի թիվը հասել է 19-ի

Դաղստանի Դերբենդ և Մախաչկալա քաղաքներում ուղղափառ եկեղեցիների և սինագոգների վրա հարձակման հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել։ Զինված հինգ ահաբեկիչները սպանվել են։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը գիշերը հայտնել էր, որ «ավելի քան 15 ոստիկան» և մի քանի քաղաքացիական անձինք «դարձել են այսօրվա ահաբեկչության զոհը»։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն առավոտյան հաստատել է 15 ուժայինների և 4 քաղաքացիների, այդ թվում՝ ուղղափառ հոգևորականի սպանությունը։

«Օպերատիվ-մարտական միջոցառումների ակտիվ ֆազան Մախաչկալա և Դերբենդ քաղաքներում ավարտված է։ Վեց ահաբեկիչները լիկվիդացված են», – հայտարերել է Մելիքովը։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն և Քննչականը, սակայն, հայտնում են սպանված 5 զինյալների մասին։

Դերբենդում և Մախաչկալայում հրաձգության մասին հաղորդագրությունները շրջանառվում էին հունիսի 23-ի երեկոյից սկսած։ Դերբենդում հարձակվել էին Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցու և Կելե-Նումազ սինագոգի վրա։ Եկեղեցու վանահորն ավելի ուշ գտել են կոկորդը կտրած վիճակում։

Դերբենդում վանքի ու սինագոգի ուղղությամբ զինյալները ավտոմատներով կրակ են բացել, ուժեղ հրդեհ է բռնկվել, որը մարել հաջողվել է միայն ուշ գիշերով։ Սինագոգի վրա հարձակվել են երեկոյան աղոթքից կարճ ժամանակ անց։ Ոստիկանները փորձել են պաշտպանել ներկաներին, դիմադրություն են ցույց տվել և ի վերջո սպանվել ահաբեկիչների կողմից։ Շենքի ուղղությամբ հարձակվողները  բռնկիչ խառնուրդներով շշեր են նետել։

Մախաչկալայում հարձակվել են սինագոգի հարևանությամբ գտնվող ճանապարհային ոստիկանական ծառայության պահակետի վրա։ Տեղի րաբունու խոսքով, տուժածներ չկան։ Հրաձգություն է եղել նաև քաղաքի Սուրբ Վերափոխման տաճարի հարևանությամբ։ Կրակոցներ լսելուց հետո շենքում բարիկադավորվել են 18 հոգևորականներ ու ծխականներ։ Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է բոլորին ապահով դուրս հանել տաճարից։

Հրաձգություն է եղել նաև Մախաչկալայից 65կմ դեպի հարավ գտնվող Սերգոկալյան մարզի կենտրոն Սերգոկալա գյուղում։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ ահաբեկիչներից երկուսը մարզպետ Մահոմեդ Օմարովի որդիներն են, մյուսը՝ զարմիկը։ Պաշտոնյան ձերբակալված է։ Գիշերը նրան հեռացրել են ռուսական իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից։

Տելեգրամ ալիքները գրում են, որ սպանված զինյալներից մեկն էլ նախկին ՄՄԱ մարտիկ է եղել։

Նախագահ Վլադիմիր Պուտինը դեպքը դեռ չի մեկնաբանել։ «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հորդորել է այս անգամ Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած հրաձգությունը չկապել Ուկրաինայի և Արևմտյան երկրների հետ։

«Դաղստանից պատգամավոր [Աբդուլհակիմ] Հաջիևը կարծում է, որ ահաբեկչության ետևում Ուկրաինայի և ՆԱՏՕ անդամ երկրների հատուկ ծառայություններն են։ Ես կարծում եմ, որ եթե մենք ազգային և կրոնական անհանդուրժողականության, ատելության և ռուսաֆոբիայի հիմքով բոլոր ահաբեկչությունները վերագրենք Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի բանսարկություններին, ապա այդ վարդագույն մշուշը մեզ էլ ավելի մեծ խնդիրների կտանի»,- գրել է Ռոգոզինը։

Այս տարվա ապրիլին մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ» առևտրի կենտրոնի վրա հարձակման մեջ ռուսական իշխանությունները մեղադրում էին Ուկրաինային, չնայած Իսլամական Պետության ծայրահեղական իսլամիստներն իրենց վրա էին վերցրել պատասխանատվությունը։

2023-ի հոկտեմբերին` Իսրայելի կողմից Պաղեստինի դեմ սկսած լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Մախաչկալայի օդանավակայանում հարձակումներ էին սկսվել Թել Ավիվից ժամանած ինքնաթիռի ուղևորների վրա։ Մի խումբ տղամարդիկ հարձակվել էին օդային տերմինալի շենքի վրա, իջել էին թռիչքային երթուղի, փորձում էին կանխել «իսրայելցի փախստականների» մուտքը Դաղստան։