Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին ՍԴ նախագահ, նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Թովմասյանն, ըստ քրեական գործի, իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ նոտարներին թույլ չի տվել գնել Երևանի կենտրոնում գտնվող շենքի տարածքը, և ինքն է այն ձեռք բերել։ Բացի այդ, նախկին ՍԴ նախագահն իր բարեկամի հետ նոտարներին պարտադրել է վարձակալել Ալեք Մանուկյանի փողոցում գտնվող տարածքները։ Ընդհանուր առմամբ պետությանը պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։
Թովմասյանը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ քրեական հետապնդումն անօրինական է, իսկ դրդապատճառը՝ քաղաքական։ Թովմասյանի մեղադրանքը հիմնավորող դատախազը 7 տարվա ազատազրկում էր պահանջում։
Դատախազն ավելի վաղ ասել էր՝ Սահմանադրական դատարանի դատավորը կազատազրկվի, եթե դատավճիռն ուժի մեջ մտնի մինչև դեկտեմբեր։ Եթե չազատազրկվի, միևնույն է, կազատվի ՍԴ դատավորի պաշտոնից։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա քրեական գործ էր հարուցել, ըստ որի, 2018 թվականին մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, օրինախախտումներով բռնազավթել են ՍԴ նախագահի պաշտոնը։ Գործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավված էր Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ Այնուհետև կալանավորվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ էր բարձր դատարանի որոշումը։
Ազգային ժողովը դիմել էր ՍԴ՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն Սահմանադրական դատարանը 2019 հոկտեմբերի 14-ին գործի քննությունը մերժելու որոշում էր կայացրել։
Հանրապետական կուսակցությունը և Հրայր Թովմասյանը իշխանություններին մեղադրում էին բարձրագույն դատարանի նախագահին հետապնդելու և նրա հետ անձնական հաշվեհարդար տեսնելու մեջ։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարականի հարց անգամ չի բարձրացրել, իրենք ինստիտուցիոնալ լուծումների կողմնակից են եղել։
«2018 թվականից սկսած, մայիսից սկսած, մայիսից, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան», – ասել էր Փաշինյանը։
Հրայր Թովմասյաը հերքել էր այդ հայտարարությունը, պահանջել Փաշինյանից հրապարակել իր խոսքերը հիմնավորող փաստեր։
Փաշինյանը խոստացել էր հրապարակել «Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը»։ Վարչապետն այնուհետև հրապարակել էր թանկարժեք մի գրիչի լուսանկար, որը, ըստ Փաշինյանի, ժամանակին իրեն նվիրել է Թովմասյանը, ով բազմիցս շողոքորթել և քծնել է իրեն։ Փաշինյանը նշել էր, որ դա փոքր, բայց խոսուն դետալ է, սիմվոլ, որ իշխանությունը ՍԴ-ի հարցում նախընտրել է գնալ իրավական ճանապարհով, այլ ոչ՝ կուլիսային համագործակցությունների, կոմպրոմատների և այլն։
2020 հունիսի 22-ին, սակայն, Ազգային ժողովը ընդունել է «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքի, այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։
Այսուհետ ՍԴ դատավորը պետք է ընտրվի 12 տարի ժամկետով և միայն 1 անգամ։ Բացի այդ, օրենքով դադարեցվել է ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողությամբ 12 տարուց ավելի են պաշտոնավարում, իսկ այն դատավորները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կպաշտոնավարեն մինչև տվյալ ժամկետի ավարտը։