հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանը գրավում է սեփական անցակետը և մոսկովյան այլ ձեռքբերումները

Հայաստանը գրավում է սեփական անցակետը և մոսկովյան այլ ձեռքբերումները

Ռուս սահմանապահները հեռանում են նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետից։ Համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

«2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով», – նշված է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տարածած հաղորդագրությունում։

Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանին մինչ այս կանգնած են եղել միայն Ռուսաստանի սահմանապահ զորքերը։ Այսուհետ ծառայությունը կիրականացվի խառը ռեժիմով՝ ռուս սահմանապահների հետ զուգահեռ այնտեղ ծառայություն կիրականացնեն նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Իրանի հետ սահմանին գտնվող հսկիչ-անցագրային կետը, որտեղով քաղաքացիները և բեռները հատում են սահմանը, ամբողջությամբ կանցնի հայկական կողմի վերահսկողության ներքո։ Մինչ այս այնտեղ բացառապես ռուսներն են ծառայություն իրականացրել։

Փաշինյան-Պուտին մայիսյան հանդիպումից հետո էլ հայտարարվել էր, որ ռուս սահմանապահները դուրս են բերվել Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերից։ Նրանց հենակետերն այնտեղ տեղակայվել էին 2020-ի պատերազմից հետո, ինչպես վարչապետ Փաշինյանն էր ավելի ուշ խոստովանում՝ առանց մանդատի և որևէ պայմանագրի։

Այս տարվա օգոստոսի 1-ին ռուսական ԱԴԾ-ի սահմանապահ զորքերը լքել են նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայնը, որտեղ ծառայություն են իրականացրել թե՛ խորհրդային տարիներին, թե անկախության հռչակումից հետո։

փակ դռները բաց դռներից չեն տարբերվում

Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահը կես ժամ տևած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։ Պաշտոնական Մոսկվան մինչ այս պնդում էր, թե Ռուսաստանը չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, որը 2020-ի պատերազմից հետո Իլհամ Ալիևն էր հորինել։ Ռուս պաշտոնյաները առաջ խոսում էին Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի մասին, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով՝ Մեղրիով։

Պեսկովի հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։ Փաշինյանը, ըստ նրա, Պուտինին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը և մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների կիրառած ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին էլ Հայաստանի վարչապետը հայտարարել է՝ Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրն արդեն այս ամիս։ Թեև ավելի վաղ հրապարակվել էր, որ կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող դրույթները դուրս են բերվել հաշտության պայմանագրից, Հայաստանի վարչապետն իր ելույթում առանձին շեշտել է․ «Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»։

Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները կրկին ակտիվացել են։ Բաքուն և Մոսկվան ակնկալում են, որ Սյունիքով անցնող ճանապարհը գտնվելու է ռուս սահմանապահների վերահսկողության ներքո։ Հայաստանը «միջանցքային տրամաբանությանը» դեմ է։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս սահմանապահները ոչ թե պետք է տեղակայվեն Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհին, այլ ընդամենը մոնիտորինգի գործառույթ իրականացնեն։ Ռուսական կողմը հրապարակավ մեղադրում է Երևանին ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունները (որոնք փաստացի այլևս չեն գործում) «սաբոտաժի» ենթարկելու մեջ։

Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Մոսկվայում այդպես էլ տեղի չունեցավ։ Ամեն դեպքում Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել էր, որ թեև Ռուսաստանը դեմ չի եղել նման ֆորմատով հանդիպմանը, բայց այն չի հաջողվել կազմակերպել։

Անցած օգոստոսին Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ առաջարկել էր Մոսկվայի աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Օրեր անց Փաշինյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե ճիշտն Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատելն է և այդ մասին ինքը ասել է նաև Ռուսաստանի նախագահին։

Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի նախագահն արձագանքել է. «Երբ ամբողջը համաձայնեցվի»: Նույն հարցին Հայաստանի վարչապետը պատասխանել է․ «Կարծում եմ՝ բավարար համաձայնեցված բովանդակություն կա, որ ստորագրենք հենց հիմա»։

շան կերպար

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի և Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպմանը քննարկել է կվադրոբերների հարցը։ Կվադրոբերների հարցը բարձրացվել է Պուտին-Փաշինյան հանդիպումից անմիջապես առաջ։

«Սա ամենակարևոր լուրերից մեկն է։ Կվադրոբերնե՛ր։ Երեխաները շան կերպար են ընդունում և քայլում են կենդանու պես», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Միրզոյանը պատասխանել է՝ այդ երևույթն ինձ անծանոթ է։

Ռուսաստանում հոկտեմբերից սկսած նոր օրենք են մշակում, որը արգելելու է «դեստրուկտիվ գաղափարախոսությունների քարոզը»։ Ռուս պատգամավորների կարծիքով, դա նաև կվադրոբինգին է վերաբերում։ Ռուսական քարոզչամեքենան այն ներկայացնում է որպես արևմտյան ինչ-որ բան և նույնիսկ «նոր գենդեր»։