Home / Շուկա / Հանցագործություն՝ ոչ թե ողբերգություն. Բելգրադում հրաժարականներ են պահանջում

Հանցագործություն՝ ոչ թե ողբերգություն. Բելգրադում հրաժարականներ են պահանջում

Նոյեմբերի 3-ին Բելգրադում հարյուրավոր մարդիկ հավաքվել են Սերբիայի կառավարության շենքի առաջ՝ պահանջելու մի շարք նախարարների, մասնավորապես՝ քաղաքաշինության նախարարի հրաժարականը, գրում է Ազատություն ռադիոկայանի Բալկանյան ծառայությունը։

Ցուցարարների համոզմամբ, բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատու են Սերբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Նովի Սադում, տեղի ունեցած միջադեպի համար։ Երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով 14 մարդ մահացել էր, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել էին։

«Կոռուպցիան սպանում է» և «Հանցագործություն՝ ոչ թե ողբերգություն». այս լոզունգների ներքո այսօր պահանջում էին համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը։

Նոյեմբերի 1-ին սերբական Նովի Սադ քաղաքում փլուզվել է մի քանի մետրանոց բետոնե ծածկը։ 1964 թվականին կառուցված կայարանը վերջերս հիմնովին վերանորոգվել էր։ Քաղաքացիները կարծում են, որ շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարները գողացվել և գրպանվել են։

Սերբական երկաթուղիների ենթակառուցվածնքների վարչությունը հայտարարել է, որ փլված բետոնե ծածկը նորոգման ենթակա օբյեկտների շարքում չի եղել։ Այնուամենայնիվ, վարչապետ Միլոշ Վուչիչը խոստացել է հետաքննություն իրականացնել, գտնել ու պատժել մեղավորներին։ 

Նոյեմբերի 2-ին Սերբիայում համազգային սուգ է հայտարարվել։