Home / Բանակ / Ավելի հարմար է, որ տղաս «ինքնասպան» մնա, քան բանակը պատասխան տա

Ավելի հարմար է, որ տղաս «ինքնասպան» մնա, քան բանակը պատասխան տա

Կես տարվա զինծառայող Վոլոդյա Գալոյանը մահացել է Հադրութի դիրքերում՝ 2019 թվականի ամռանը։ Քննիչները պնդում էին, որ նա ինքնասպան է եղել դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանին սպանելու անհաջող փորձից հետո։ Հետմահու նրան մեղադրանք էր առաջադրվել «սպանության փորձի» համար, զուգահեռաբար քրեական գործ էր հարուցվել նաև «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Ավելի ուշ հաղորդվել էր, որ դիրքի ավագը ձերբակալվել է ստորադասին ծեծելու մեղադրանքով։

Մահացած զինվորի մայրը՝ Էլմիրա Սվարյանը, ինքնասպանության վարկածին չի հավատում։ «Ազատության» հետ զրույցում նա պատմել է՝ Վոլոդյային ծեծել են մի քանի օր շարունակ, նրա մարմնի վրա դատաբժիշկները 20-ից ավել վնասվածքներ են արձանագրել՝ ստացված բութ գործիքի հարվածներից։

«Կրակոցներից մեկը դուրս է եկել ականջից, մյուսները՝ գլխից։ Դա խոսում է այն մասին, որ մարդն ինքնասպան չի եղել։ <…> Մատերը կոտրված էին, բազուկը <…> 26 վնասվածքներ կային մարմնին՝ բութ գործիքի հարվածից։ Վոլոդյային դաժանաբար սպանել են։ 6-րդ տարին է՝ և՛ Ղարաբաղում, և՛ Գորիսում անընդհատ դատերի մեջ եմ եղել։ Ու Վոլոդյայի գործը արդեն որպես սպանություն է քննվում հենց մեր բողոքների և մեր ունեցած ապացույցների շնորհիվ», – ասել է մայրը։

Քննչական կոմիտեի սկզբանական վարկածի համաձայն, ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանը ինքնաձիգից կրակել է դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի ուղղությամբ, բայց գործն «ավարտին» չի հասցրել: Հետագայում հայտարարվել է, որ դիրքի ավագը կալանավորվել է զինվորին ծեծելու համար։

Նույն Ռոլանդ Ստեփանյանը 2014-ին մեկ այլ քրեական գործով՝ դարձյալ որպես դիրքի ավագ, պայմանական դատապարտվել, ապա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել և շարունակել ծառայությունը, քանի որ ներվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ ինքնասպանության գործն այս պահին կասեցված է, 2024-ից քննվում է արդեն Վոլոդյային սպանելու վարկածը:

«Ես փորձում եմ ինքս միայնակ այդ հարցերը կարգավորել, որովհետև այդ ամեն ինչը վերաբերում է հենց իմ բալին։ Ես այս ամեն ինչից հասկացա, որ իրենց ավելի հետաքրքիր է, որ մի 18 տարեկան տղա ինքնասպան մնա, քան մի ամբողջ բանակ, շատ մարդիկ պատասխան տան։ Ուզում եմ հասկանալ՝ ոչ մի տեղ արդարություն չկա՞», – ասում է զոհված զինվորի մայրը։

Վոլոդյան մահացել է արձակուրդից վերադառնալուց մի քանի օր հետո։ Հայկական բանակում սա օրինաչափություն է՝ շատ միջադեպեր տեղի են ունենում հենց արձակուրդից  հետո։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ տնից վերադառնալուց հետո զինվորներից գումարներ են պահանջում․ «Հայտնի է, որ զորամաս վերադառնալուց առաջ Գալոյանը ևս գումար է խնդրել հարազատներից․ «Հորից է ուզել։ Հայրը Ռուսաստանից 40 հազար է ուղարկել, բայց գնալուց առաջ նա գումարը տվել է մորը և ասել, որ չի տանի․ եթե մի անգամ տանի, պարտավոր է լինելու անընդհատ տանել։ Վոլոդյան սպանվել է արձակուրդից մի քանի օր հետո»։

տե՛ս Բանակում «նալոգ» ա դրված․ զինվորները մահանում են արձակուրդից վերադառնալուց հետո

Իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ բանակային բարքերը ամեն տարի տասնյակ տղաների սպանության և ինքնասպանության պատճառ են դառնում: 2024 թվականին բանակում մահվան 40 դեպքից 36-ը ոչ մարտական պայմաններում էին:

Բանակը փակ կառույց է, որում հայտնված մարդկանց կյանքի և առողջության համար անմիջական պատասխանատվություն է կրում հենց պետությունը։ Բայց մահերի համար ոչ ոք քաղաքական պատասխանատվության չի կրում։ Քրեական գործերի ընթացքը որպես կանոն չի բավարարում տուժողներին։

Բանակի օրվան նվիրված իր վերջին ելույթում վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է», «չկա թեկուզ մի հատիկ պրոբլեմ, որը չի ծնվել բանակից դուրս»: Մինչ այդ ասուլիս էր տվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ բանակային միջադեպերի մեջ մեղադրելով հասարակական բարքերը։