Home / Հայաստան / «Փոքր Չեչնիայում» սպասում են Երևանի ղեկավարությանը

«Փոքր Չեչնիայում» սպասում են Երևանի ղեկավարությանը

Շուրջ երեք տարի է՝ Երևանի քաղաքապետարանը ձգձգում է ծայրամասային «Հաղթանակ» թաղամասում ինքնաշեն տների գրանցումը։ Մինչև վերջերս բնակիչները մտածում էին, որ պատճառը բյուրոկրատական է։ Սակայն 10 օր առաջ քաղաքապետարանից հայտնել են, որ թաղամասի գերեզմանոցից 300 մետր շառավիղով պիտի սանիտարական գոտի կառուցվի և արվի կանաչապատում։

Բնակիչները մտավախություն ունեն, որ տարածքը ինչ-որ նոր կառուցապատողի են հանձնելու և իրենց տները քանդեն։

«Սանիտարական» գոտու մեջ մտնում է մոտ 400 տուն, 200 հողակտոր, ինչպես նաև դպրոց, մանկապարտեզ։

«Հաղթանակի» համար սա առաջին խնդիրը չէ, որ կապված է քաղաքի մաս դառնալու հետ։ Թաղամասը նախկինում կոչվել է Չորրորդ գյուղ։ Հիմա այն Երևանի Մալաթիա-Սեբաստիա շրջանի մեջ է մտնում։ Ըստ գյուղացիների, իրենց մտցրել են մայրաքաղաքի մեջ, որպեսզի երևանցիները օգտվեն գյուղի գերեզմանատնից։ Գերեզմանի տարածքը գնալով մեծանում է։

Քաղաքի մաս դառնալը, ասում են, բնակիչներին ոչինչ չի տվել․ ճանապարհները գյուղի ճանապարհ են, կոյուղի մինչև հիմա չկա։ Պաշտոնյաները թաղամասն այցելում են միայն ընտրություններին․ սա մեծ ընտրազանգված է։

«Հաղթանակում» ապրում է 17 000 մարդ։

Փաստաթղթային խնդիրները 1990-ականների մասնավորեցումից են գալիս։ Քաղաքապետարանը չի ճանաչում 90-ականների սեփականության ակտերն ու նոտարական վավերացումները։

Թաղամասում տների մեծ մասը կառուցվել են առանց շինթույլտվության։ Հիմա ծախսատար պրոցեսներ են պահանջվում՝ չափագրում, հողի նշանակության փոփոխություն գյուղատնտեսականից տնամերձի և այլն։

Տեղացիները իրենց կոչում են «маленькая Чечня» և պահանջում, որ Երևանի իշխանությունները գան «Հաղթանակ», հանդիպեն բնակիչներին լրագրողների ներկայությամբ, ոչ թե կանչեն «կուլիսային» քննարկումների։

Գյուղացիներից մեկը պատմում է, որ ինքը տունը կառուցել է 73 թվին, գերեզմանոցը սարքել են հետո։ Այն մեծացել է ու մոտեցել իր տանը․ «Ինչի՞ պիտի քաղաքի գոտու հարկեր տանք, եթե ըստ էության մենք գյուղ ենք»։