Սիրիայում անհայտ խմբերը հարձակվում են պաշտոնանկ առաջնորդ Բաշար Ասադին լոյալ ալավիտական համայնքների վրա։ Երկրի նոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաան միասնության կոչեր է անում։
Ալավիտ փոքրամասնությամբ բնակեցված համայնքների վրա հարձակումները սկսվել են մարտի 5-ից։ Ասադի հետևորդները, որոնք հրաժարվում էին հանձնել զենքերը, Լաթակիա և Ջաբլե բնակավայրերում սպանել էին կառավարական ուժերի տասնյակ ներկայացուցիչների։ Բաշար Ասադի բանակի նախկին գեներալ Գիատ Դալլան հայտարարել է «Սիրիայի ազատագրման ռազմական խորհուրդ» հիմնելու և նոր իշխանությունների դեմ ապստամբության մեկնարկի մասին։ ԲիԲիՍի-ի հետ զրուցած ալավիտները պատմում են, որ Դալլան համայնքնում մեծ հեղինակություն չունի, ալավիտների մեծամասնությունը չի աջակցում նրան։
Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը (SOHR) գրում է Լաթակիայում, Ջաբլեում և Բանիասում սպանված ավելի քան 740 քաղաքացիական անձանց սպանության մասին։ Որոշ աղբյուրներ հայտնում են բախումների արդյունքում սպանված շուրջ 300 ուժայինների մասին։ Զոհերի ու տուժածների հստակ թիվը, սակայն, հայտնի չէ։
Ալավիտները շարունակում են ահազանգել զանգվածային սպանությունների և թալանի մասին։ Բանիաս քաղաքի Հայ ալ-Կուսուրա ալավիտական թաղամասի փողոցներում սպանվածների մարմիններ են։ Ականատեսները պատմում են, որ սպանում են բոլորին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին ու ծերերին։ Մարդիկ փակված են տներում, վախենում են անգամ պատուհանից դուրս նայել։ Ինտերնետն ընդհատումներով է աշխատում։
Բախումներին ներկա գտնված և փրկված քաղաքացիները ԲիԲիՍիի հետ զրույցում պատմել են, որ հարձակվողները հիմնականում սիրիացի չեն։ Խոսում են անծանոթ լեզուներով։
Որոշ բնակավայրերում իրավիճակը հանդարտվել է սիրիական բանակի և անվտանգության ուժերի գալուց հետո։ Իրավապահներն այդ շրջաններում միջանցքներ են ստեղծել բնակիչներին դեպի անվտանգ քաղաքներ տեղափոխելու համար։
Հարյուրավոր մարդիկ փրկվել են սուննի հարևանների շնորհիվ. «Մենք տարիներով միասին համերաշխ ապրել ենք՝ ալավիտներով, սուննիներով, քրիստոնյաներով։ Նման բան չէինք տեսել»
Շատերը կատարվածի մեջ մեղադրում են նոր առաջնորդ Ախմեդ աշ-Շարաային։ Նրանց խոսքով, նոր իշխանություններն արագացված կարգով հիմնել են նոր բանակ և անվտանգության մարմիններ, բայց չեն ունեցել հստակ ծրագիր, թե ինչ պետք է անեն զենքերը չհանձնած հազարավոր ասադական զինվորականների հետ։
Բաշար Ասադի կառավարման օրոք իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են սուննի մահմեդականների նկատմամբ բռնաճնշումների մասին։ Հատկապես վերջին 13 տարիներին սուննիների հետապնդումները սրել են միջկրոնական ատելությունը։ Ալավիտական համայքները շատերի աչքերում նույնացվել են Ասադի բռնությունների հետ։
Սիրիայի ալավիտական համայնքը հիմնականում ապրում է Միջերկրական ծովի ափին տեղակայված Լաթակիա և Տարտուս նահանգներում։ Մեծամասամբ սուննի մահմեդականներով բնակեցված երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը ալավիտներ են։ Պաշտոնանկ նախագահ Բաշար Ասադը ևս պատկանում էր ալավիտ կրոնական փոքրամասնությանը։