Home / Հայաստան / Հատուկ գործողություն, Խաղաղ մարդիկ

Հատուկ գործողություն, Խաղաղ մարդիկ

Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնին ցուցադրվել է նաև ուկրաինացի ռեժիսոր Օլեքսիյ Ռադինսկիի Հատուկ գործողություն1 ֆիլմը, որը փաստագրում է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերը: 

Ռուսական շարասյուները մտնում են Պրիպյատ: Զինվորներն իջեցնում են Ուկրաինայի դրոշը, նրանցից մեկը՝ ալարկոտ, ծանրաշարժ, փոխարինում է այն ռուսական եռագույնով: Զինվորականները Չեռնոբիլի գրավված ատոմակայանը վերածում են ռազմաբազայի: Տուրիստների պես՝ խմբակային լուսանկար են անում, որ հիշատակ մնա և ուրախացնի հարազատներին:

Առանցքում ատոմակայանում տեղադրված հսկիչ տեսախցիկների ձայնագրություններն են: Վերահսկելու փոխարեն դրանք ստանձնում են տափակ չարագործության ականատեսի դերը:

Spetsialna Operatsiia (1)
սքրինշոթ Հատուկ գործողություն ֆիլմից

Գալիս են պրոպագանդիստ լրագրողները՝ դաշնային հեռուստաալիքների թղթակիցներ, սմարտֆոնով զինված բլոգեր: Դիմակավորված զինվորականը հարցազրույց է տալիս, վերադասը մի պահ մոտենում է և ուղղում նրա համազգեստը: Լրագրողները հերթով նկարում են հացի մեքենան՝ խոշոր պլանով, որպեսզի ոգեշնչեն միլիոնավոր հեռուստադիտողների:

Ատոմակայանի նոր տերերը ծածկում կամ թեքում են ներսում տեղադրված տեսախցիկները: Դրանցից որոշները մնում են չնկատված և շարունակում վավերագրել: Մերձակայքում ռումբեր են պայթում։ Չեռնոբիլում տնավորված ռուս զինվորները բաղնիք գնալիս քարանում են կամերայի առջև․ ֆիլմի կենտրոնական (բացառապես ստոպ-կադրերից կազմված) հատվածում նրանք գրեթե մերկ են՝ գողական դաջվածքներով: Շուտով կշարժվեն առաջ՝ գրավելու նոր գյուղեր և քաղաքներ: 

Spetsialna Operatsiia (2)
սքրինշոթ Հատուկ գործողություն ֆիլմից

«Օպերատորը» դիմազրկված չէ․ ֆիլմում օգտագործված տեսանյութերը նկարել և պահպանել են Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցները: Կամերան երբեմն շեղվում է՝ հայացքն ուղղելով դեպի հեռու հորիզոնը: Շուրջը հավերժական բնությունն է՝ դաշտեր, անտառներ: Բայց պատերազմից փախչել չի ստացվում. նույնիսկ ձյան փաթիլներն են հիշեցնում գնդացիրից արձակած կրակը:

Հատուկ գործողությունը հանգավորվում և միևնույն ժամանակ հակադրվում է Օքսանա Կարպովիչի Խաղաղ մարդիկ2 վավերագրական ֆիլմին, որը ցուցադրվել է նախորդ Բեռլինալեի շրջանակներում: 

Կարպովիչի ֆիլմը կառուցված է ռուս զինվորականների և նրանց մտերիմների գաղտնալսված հեռախոսազրույցների վրա։ Ձայնն ու պատկերը ուղղակիորեն փոխկապակցված չեն։ Էկրանին ուկրաինական քաղաքների և գյուղերի ավիրվածություններն են։ Ստատիկ դրվագներում տեսնում ենք հրետակոծված շինություններ, ամայի փողոցներ, երբեմն մարդկանց, որոնք պատերազմի պայմաններում ինչ-որ առօրեական գործողություններ են վերարտադրում։ Պատկերն ուղեկցվում է ռուս զինվորականների և նրանց հարազատների կարճ հեռախոսազրույցներով։

INTERCEPTEDսքրինշոթ Խաղաղ մարդիկ ֆիլմից

Այն, թե ինչի մասին և ինչպես են նրանք խոսում, կարող է շոկի ենթարկել անգամ պատերազմին ծանոթ, պատրանքներ չունեցող հանդիսատեսին: Որոշներն անիծում են պատերազմը, սարսափած են սեփական փորձից։ Որոշներն ասես ձեռնադրման արարողություն են անցել՝ ստիպված կամ նույնիսկ հաճույքով ընդունում են մարդասպանի կերպարանքը: Կանայք, մայրերը, հայրերը արդարացնում են հարազատ զինվորի ոճրագործությունները: Ձայնը հաղթում է պատկերին, դուրս է մղում պատկերը: 

INTERCEPTED (1)
սքրինշոթ Խաղաղ մարդիկ ֆիլմից

Բայց ֆիլմում կա մի դրվագ, որում պատկերն ու ձայնը կազմում են մեկ ամբողջականություն։ Մահվան ուղարկվող զինվորականի վերջին հեռախոսազանգը և մեքենայի դիմապակուց նշմարվող լապտերի դեղնավուն լույսը, որը տանում է դեպի սև դատարկություն: 

Ալեքսանդր Մելյան
Սինեսկոպ կոլեկտիվ

_______________________

1 Спеціальна операція / Special Operation; 65′; Ուկրաինա, Լիտվա; 2025
2 Мирні люди / Intercepted (միջազգային վարձույթում ֆիլմը ցուցադրվել է «Գաղտնալսվածները» անվանումով); 95′; Ուկրաինա, Ֆրանսիա, Կանադա; 2024