Home / Դատարան / ՀՀ-ն օգնում է ՌԴ-ին պատժել “Нет войне” տարածողին

ՀՀ-ն օգնում է ՌԴ-ին պատժել “Нет войне” տարածողին

Ռուսաստանում հակապատերազմական ակցիայի համար հետապնդվող Լիլյա Մանյուխինային օգոստոսի 30-ին կալանավորել են Հայաստանում։ 2024 թվականի մայիսին նա փախել է Ռուսաստանից, որտեղ նրա դեմ քրեական հետապնդում էին սկսել շինծու մեղադրանքներով։ Հետագայում նրան մեղսագրվող հոդվածը ծանրացրել են, Ռուսաստանը Մանյուխինային արտահանձնելու միջոնդրություն է ներկայացրել Հայաստանին։

Մանյուխինայի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքում ահազանգել է՝ նրան կալանանքի տակ են պահում ապրօրինի, այդ որոշումը հակասում է Եվրոպական դատարանի պրակտիկային և միջազգային իրավունքին։ Սեպտեմբերի 1-ին Մանյուխինան դիմել է Միգրացիոն ծառայությանը՝ Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար։ 

«ՀՀ դատարաններն արդեն երկրորդ անգամն է, ինչ արդարադատության նախարարության և դատախազության միջնորդությամբ այս խեղճ աղջկան կալանավորում են՝ հանձման նպատակով։ Ըստ դատարանի՝ ներկայացված տվյալներն առայժմ բավարար չեն քաղաքական հետապնդման փաստը հաստատելու համար։ Սա այն դեպքում, երբ օրենքով անգամ ենթադրությունն է բավարար [հիմք] չկալանավորելու և չհանձնելու համար, էլ ինչ խոսք այն մասին, որ նույն գործով Մանյուխինայի ընկերները այլ երկրներում արդեն ստացել են քաղաքական ապաստան՝ առանց մեկ օր անգամ ազատազրկվելու։

(․․․) Հայաստանի իրավապահ և դատական մարմինները, սակայն, (․․․) բավարար փաստական տվյալներ չեն համարում մեծ հեղինակություն վայելող միջազգային հասարակական իրավապաշտպան կազմակերպության գրավոր եզրակացությունը, ՌԴ իրավապաշտպանների տված տեղեկանքները, հետապնդումը քաղաքական գնահատելու վերաբերյալ հարյուրավոր լրագրողական հոդվածները, դեպքի վայրից տասնյակ տեսագրությունները, նույն գործով համակատարողներին այլ երկրներում տրված քաղաքական ապաստանի վերաբերյալ ապացույցները և այլ տվյալներ։

Տեղեկացնեմ նաև, որ ավելի ծանր արարքներով միայն վերջին մեկ ամսում Հայաստանի հանձնման յոթ պահանջ Ռուսաստանը մերժել է՝ հետապնդումները քաղաքական որակելով» », – գրել է Երիցյանը։

Լիլյա Մանյուխինայի դեմ քաղաքական հետապնդման մասին գրել է նաև իրավապաշտպանական «Քաղաքական դատապարտյալներ. Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը, ըստ որի 2022 թվականի ապրիլի 16-ին (Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից կարճ ժամանակ անց) Լիլյա Մանյուխինան, Կիրիլ Տիմոֆեեվը և Անաստասիա Պոլյակովան Մոսկվայի տարբեր փողոցներում «Нет войне» (Ոչ պատերազմին) գրառմամբ պաստառներ են փակցրել։

Ակցիայի ժամանակ նրանց վրա հարձակվել է անծանոթ մի տղամարդ։ Վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածել է կանանցից մեկին, ատրճանակ հանել և սպառնացել, որ կկրակի նրանց վրա։ Ակտիվիստներին հաջողվել է խլել նրա ատրճանակը։ Նրանք զենքն անմիջապես նետել են աղբարկղը։ Հենց սա է պատրվակ դարձել քաղաքական հետապնդման համար։

Հարձակման զոհերի նկատմամբ հետագայում քրեական գործ են հարուցել նախապլանավորված խմբակային կողոպուտի հոդվածով։ Ապրիլի 17-ին երեք ակտիվիստներին էլ կալանավորել են։ 2023 թվականի մարտին նրանց դատապարտել են 2 տարի և 2,5 ամիս ազատազրկման, որը հետագայում փոխարինվել է հարկադիր աշխատանքներով։ Մանյուխինան փախել է Հայաստան։

Նշենք, որ ըստ ԱՊՀ երկրների միջև «իրավական փոխգործակցության» պայմանագրերի Հայաստան մուտք գործած անձիք հայտնի են դառնում ԱՊՀ անդամ երկրներին, երբ նրանց հանդեպ հայտարարվում է միջազգային հետախուզում։ Ըստ ստանդարտ ընթացակարգի նրանց կալանավորում են 40 օրով, հետագայում կալանքը անընդհատ երկարաձգում։ Միգրացիոն ծառայությունում դիմումները շատ են, ապաստան տալու հայտերը կարող են քննվել ամիսներով։

Դատախազությունը չի տրամադրում պաշտոնական վիճակագրություն՝ քանի անձ է Հայաստանն արտահանձնել Ռուսաստանին։ Չկան անհատների հրապարակումներ ևս, որովհետև արտահանձնվելուց հետո տուժածները իրավական պաշտպանության հույս Հայաստանից էլ չունեն։

Այս ընթացակարգի համաձայն Հայաստանը շատ քաղաքական ակտիվիստների է կալանավորել՝ Ռուսաստանի կամ Բելառուսի պահանջով։ Նրանցից ոմանք, ի վերջո, կարողացել են խուսափել արտահանձնումից։ Օրինակ, Չեչնիայում խոշտանգումների ենթարկված Սալման Մուկաևի դեպքում Հայաստանի դատարանը մերժել է արտահանձնման միջնորդությունը և վերացրել կիրառված սահմանափակումները։ Նիկիտա Կամենսկիին և Իրինա Բելաչեուին անհատական կարգով թույլատրվել է լքել Հայաստանը։ 

Եղել են նաև քաղաքական ապաստան փնտրողների՝ ոչ բարեհաջող ավարտով գործեր։ Ռուսաստանում զորամասն ինքնակամ լքելու հոդվածով մեղադրվող Անատոլի Շչետինին Գյումրիում առևանգել են և ապօրինի պահել 102-րդ բազայում, որը իրականում չունի բազայի հետ կապ չունեցող անձանց դեմ հետաքննություն անելու իրավազորություն։ Նրան, ըստ էության, արտահանձնել են Ռուսաստան՝ հետին թվով իրավական հիմնավորումները փոխելուց հետո։ 

Ռուսաստանցի ուժայինները Գյումրիում առևանգել և ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք էին տեղափոխել նաև ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին, որին Ռուսաստանում մեղադրում են դասալքության մեջ։ Սետրակովին ևս տարել էին Ռուսաստան։