Ախթալայի կոմբինատի հանքափորներն արդեն մոտ մեկ ամիս է գործադուլ են անում։ Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմինը երեկ նոր-նոր ստուգումներ է սկսել հանքի տարածքում։ Ղեկավարությունը փորձում է գործադուլի մասնակիցներին փոխարինել նոր աշխատողներով․ քանի որ հանքաքարի պաշարներն արդեն սպառվել են, բանվորներ են բերել Վարդենիսից։
Լեռնահարստացման կոմբինատում գործադուլը սկսվել է հունվարի 16-ին, միացել են կոմբինատի բոլոր 52 հորատանցողները։ Սկզբում նրանք միայն աշխատավարձի 20 տոկոս բարձրացում էին պահանջում, հիմա նաև ուզում են անվտանգ պայմաններ։ Կոմբինատի ղեկավարությունը բանավոր խոստումներով փորձել է համոզել իրենց, որ վերադառնան աշխատանքի։ Գործադուլավորները պահանջել են պայմանագրային երաշխիքներ և կոնկրետ ժամկետներ։
Հունվարի 16-ից հանքում հորատումներ չեն արվում․ կոմբինատը այս ընթացքում աշխատում էր եղած հանքաքարով։ Վերջին օրերին տնօրինությունը Վարդենիսից նոր աշխատողների է գործի ընդունել․ «Հանքն այս պահին 5-7 տոկոսով է աշխատում, ասում են՝ ութ հանքափորներ են եկել», — Epress.am-ին պատմել է հորատանցող Արշալույսը։ Գործադուլի մասնակիցներին վախեցնելու համար երկու շաբաթ առաջ էլ հնդիկ աշխատողների էին բերել Ախթալա։ Նրանք հեռացել էին հենց նույն օրը։
Աշխատանքից ազատելու հրաման հանքափորները դեռ չեն ստացել։ Գրեթե ամեն օր նրանք հավաքվում են գործարանի դիմաց, սպասում են հանգուցալուծման։
«Երեկ Ախթալայում էի։ Մենք հույս ունեինք, որ պետական գերատեսչությունները կմիջնորդեն, որպեսզի մեր աշխատավորների իրավունքները վերականգնվեն և հարցը լուծվի։ Բայց մարզպետարանը շատ կոպիտ ձևով ասաց, որ դրանք ուղղորդված ցույցեր են, ուղղորդված գործադուլ է, և իրենք չեն խառնվելու։ Մենք հասկացանք, որ իրենք ուղղակի չեն ուզում զբաղվել դրանով», – պատմել է Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը։ Պարզ չէ, թե ով կարող էր «ուղղորդել» հորատանցողներին։ Մարզպետարանից անուններ չեն տալիս։
Քանի որ կոմբինատում արհմիություն չկա, գործադուլի մասնակիցները Փահլևանյանին են պատվիրակել ներկայացնել իրենց շահերը։
Հունվարի 9-ին Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի ներկայացուցիչներն են եղել կոմբինատում։ Մոտ մեկ ամիս անց վերջապես հանքում սկսել են ստուգումներ անել։
Տեսչականից Epress.am-ին ասել են, որ քննությունը կտևի 15 աշխատանքային օր։ Մինչ այդ իրենք տեղեկություններ փոխանցել չեն կարող։
«Մենք մեծ ակնկալիքներ չունենք այդ ստուգումներից, բայց հստակ ասում ենք՝ 52 հանքափորները դուրս չեն գա աշխատանքի և կշարունակեն գործադուլը մինչև իրենց պահանջները չբավարարվեն՝ աշխատավարձի բարձրացում և անվտանգ պայմանները», — ասել է ճյուղային արհմիության ղեկավարը։
Նա նաև խնդրել է Տեսչական մարմնին տնօրենին փոխանցել, որ հարցը շատ արագ կհանգուցալուծվեր, եթե տնօրինությունը համաձայներ կնքել կոլեկտիվ պայմանագիր, որով կհստակեցվեին հանքափորների աշխատանքային պայմաններն ու աշխատավարձի բարձրացման հարցը․ «Հենց նույն րոպեին աշխատողները դուրս կգան աշխատանքի»։
«Աշխատավորները հետ չեն կանգնելու։ Գործադուլը շարունակվում է, եթե պետք լինի՝ մեր այլ աշխատողներ, հանքափորներ էլ կմիանան Ախթալայի ընկերներին և եղբայրներին», – նշել է Փահլևանյանը։ Եթե տնօրինությունը աշխատանքից հեռացնի գործադուլի մասնակիցներին, նրանք դատական հայցեր են ներկայացնելու՝ քննության առարկա դարձնելով հատկապես փակ հանքի անվտանգային պայմանները։
տե՛ս նաև
Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է
Ախթալայի հանքի տերերը թքած ունեն գործադուլի վրա
Epress.am Լուրեր Հայաստանից