Տեղական ընտրությունները իշխանափոխության հույս են տալիս Թուրքիայում
Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Բուրսայում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել հանրապետությունում մարտի 31-ին կայացած մունիցիպալ ընտրություններում։ «Սա վերջը չէ, բայցև շրջադարձային պահ է մեզ համար», - ասել է Էրդողանը՝ ճանաչելով նախօրեին ավարտված քվեարկության արդյունքները։
Ընդհանուր առմամբ մունիցիպալ ընտրություններ են անցկացվել Թուրքիայի 81 շրջաններում։ Պաշտոնական տվյալների համաձայն, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ քեմալիստները, մետրոպոլիաների ղեկավարների 30 պաշտոններից 15-ն է ստացել և հաղթել 21 շրջանային կենտրոններում։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է 11 մետրոպոլիաներում և 12 շրջանային կենտրոններում։ Էրդողանի քաղաքական ուժի պարտությունը այս ընտրություններում էական նշանակություն ունի գալիք նախագահական պայքարի կոնտեքստում․ 2028-ին լրանում է նրա պաշտոնավարման վերջին ժամկետը, փոխարինող էլ չկա։ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է, գնաճն ահագնանում է, լիրայի մասշտաբային արժեզրկումը՝ շարունակվում։
Ստամբուլը քաղաքից մեծ է
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սա նրա պաշտոնավարման արդեն 2-րդ ժամկետն է։
Նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունն առաջին անգամ «կորցրել է» Ստամբուլը 2019-ին․ Իմամօղլուի հաղթանակից հետո Գերագույն ընտրական հանձնաժողովն այն ժամանակ չեղարկել էր ընտրությունների արդյունքները և վերաքվեարկություն նշանակել, որի արդյունքում ընդդիմության թեկնածուն կրկին հաղթել էր՝ ընդ որում, ավելի մեծ տարբերությամբ։
տե՛ս Նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը
Մարտի 31-ին կայացած քվերակության նախնական արդյունքների համաձայն, Իմամօղլուն հաղթել է քվեների 50․8 տոկոսով, իշխող կուսակցության թեկնածուն՝ շրջակա միջավայրի պաշտպանության և ուրբանիզացիայի նախկին նախարար Մուրատ Քուրումը, ստացել է քվեների 40 տոկոսը։ Ընդդիմությունն արդեն տոնում է հաղթանակը։ Ստամբուլը մեծ նշանակություն ունի Էրդողանի համար։ Նախընտրական քարոզարշավը կենտրոնացած էր առավելապես հենց այս քաղաքի վրա։ Ստամբուլը ոչ միայն Էրդողանի ծննդավայրն է, այլև նրա քաղաքական կարիերայի պատմական հենքը։ Քասիմփաշա թաղը, որը մտնում է ստամբուլյան Բեյօղլու շրջանի մեջ, բնակեցված է մեծամասամբ բանվոր դասակարգի ներկայացուցիչներով, այստեղ է անցել Էրդողանի ողջ մանկությունն ու պատանեկությունը, այստեղից է սկսվել նաև նրա քաղաքական վերելքը։ Թուրքական ամենախոշոր քաղաքի ղեկավարի պաշտոնը ճանապարհ էր հարթում դեպի հանրապետական կառավարում՝ քաղաքապետ դառնալուց հետո Էրդողանը դարձավ վարչապետ, ավելի ուշ՝ նաև նախագահ։ Նրա և նրա թիմակիցների 25-ամյա իշխանությունն այստեղ ընդհատվեց 2019 թվականին։ «Էրդողանի անձը նույնացվում է հենց Ստամբուլի հետ, - ընտրություններից առաջ BBC-ի հետ զրույցում ասում էր Իհսան Աքթաշը, Ստամբուլի Մեդիպոլ համալսարանի հաղորդակցության բաժնի ներկայացուցիչն ու Genar քաղաքական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրը․ - Ստամբուլը նրա տունն է։ 2019 թվականի պարտությունը նրա համար իսկապես ողբերգական էր»։ Ու թեև Էրդողանին հաջողվեց վերարտադրվել 2023 թվականի նախագահական ընտրություններում (երեք խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, այդ ընտրություններում էլ էին նախապատվությունը տվել ընդդիմությանը), երեկվա մունիցիպալ ընտրությունների արդյունքները լուրջ ահազանգ են նրա կուսակցության համար․ եթե առաջիկա 4 տարիների ընթացքում իշխող «Արդարություն և զարգացումը» էական ձեռքբերումներ չկուտակի, 2028-ին վերընտրվելը բարդ է լինելու։տե՛ս Քեմալական ալևին և Էրդողանի բռունցքը
«Թեև ընդդիմությունը պարտվեց անցած տարվա նախագահական ընտրություններում, մեծ կապ կա ստամբուլյան հաղթանակի և համաթուրքական հաղթանակի միջև», - ասում է Ստամբուլի Իշիք համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սեդա Դեմիրալպը։տե՛ս Հայաստանցի դիտորդը թուրքական ընտրություններում
Մեգապոլիսի բնակչությունը գերազանցում է 16 միլիոնը․ 85 միլիոնանոց երկրի մեկ հինգերորդը հենց այստեղ է ապրում։ Քաղաքի ընտրազանգվածը տարաշերտ է՝ թե՛ քաղաքական, թե՛ էթնիկ և կրոնական, թե՛ տնտեսական առումով։ Բնակչության զգալի մասը խորը արմատներով կապված է երկրի այլ մարզերի հետ։ Ստամբուլը շատերի համար Թուրքիայի փոքր մոդելն է, խտացված պատկերը։ Բացի այդ՝ սա երկրի տնտեսական կենտրոնն է, որը հսկայական ներդրում ունի ընդհանուր ՀՆԱ-ում։ Վերահսկողությունը Ստամբուլի նկատմամբ ենթադրում է վերահսկողություն Թուրքիայի տնտեսական շրջանառության մի զգալի մասի նկատմամբ։ «Եթե ձեզ աջակցում է Ստամբուլը, դուք ազգային քաղաքականության դերակատար եք», - բացատրում է Իհսան Աքթաշը։
Էքրեմ Իմամօղլուի, Ռեջեփ Էրդողանի և Մուրատ Քուրումի նախընտրական բաներները, մարտի 28, 2024 / REUTERS/Umit Bektas
Ռեջեփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը քվեարկության ժամանակ/ AFP/ Murad Sezer
տե՛ս
Եթե 2019-ի ՏԻՄ-երին ընդդիմությունը համեմատաբար միասնական էր և հանդես էր գալիս դաշինքով, երեկվա ընտրություններում ընդդիմադիր բլոկն ավելի մասնատված էր։ Փորձագետները սա գնահատում էին որպես մի բան, որ մեծացնում է հաղթանակ տոնելու՝ էրդողանականների շանսերը։ Արդյունքների հրապարակումը ցույց տվեց, որ թեև կուսակցությունները դաշինքի չէին գնացել, նրանց էլեկտորատը հանդես էր եկել համեմատաբար միասնական ճակատով՝ շատ դեպքերում նախապատվություն տալով հենց Ժողովրդահանրապետական կուսակցության (քեմալականներ) թեկնածուներին՝ նրանց, ովքեր իշխանականներին հաղթելու առավել մեծ շանսեր ունեին։ Ընդդիմադիր առաջնորդների բազմության մեջ, ամեն դեպքում, ամենամեծ քաղաքական կապիտալը հենց Ստամբուլի վերընտրված քաղաքապետն ունի․ 53-ամյա Էքրեմ Իմամօղլուն նախկին ձեռներեց է, ժամանակին ղեկավարել է ստամբուլյան Բեյլիքդյուզյու թաղամասը, որը մեծամասամբ բնակեցված է միջին խաղի ներկայացուցիչներով։ Ի հակադրությություն Էրդողանի՝ աշխարհիկ հանրապետության և նոր ազգայնական մոդելի մուլտիկուլտուրալիզմի կողմնակից է։ Նրան աջակցում է ոչ միայն պոլսահայերի զգալի մասը, այլ մեծաթիվ քրդեր։
Էքրեմ Իմամօղլուն և նրա կինը՝ Դիլեք Իմամօղլուն, քվեարկության ժամանակ, 31 մարդ, 2024/ REUTERS/ Murad Sezer