Իշխանությունները ազդարարել են սահմանազատման և սահմանագծման գործնական փուլի մեկնարկը։ Դելիմիտացիան սկսվելու է Տավուշից։ Բաքուն պահանջում է իր վերահսկողությանը վերադարձնել 4 ոչ էքսկլավային գյուղերը՝ Աշաղ Ասքիփարայը (Ներքին Ոսկեպար), Բաղանիս Այրումը, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, որոնք Խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել, բայց 90-ականներից հետո հայտնվել են հայկական կողմի (մասնակի) վերահսկողության ներքո։ Հայկական կողմն այս պահանջի դեմ սկզբունքային առարկություններ չունի։
Թեև այս գյուղերը հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը և Հայաստան մտնող գազամուղը: Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Տավուշի սահամամերձ Ոսկեպար և Կիրանց գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում ակնարկել էր՝ եթե 4 գյուղերը չփոխանցվեն Ադրբեջանին, նոր պատերազմի հավականությունը մեծ է լինելու, և հավաստիացրել՝ տեղյակ են լոգիստիկ խնդիրներից, որ կարող են ծագել գյուղերի վերադարձից հետո, և ամեն ինչ կանեն դրանք լուծելու համար․ «[Ճանապարհը] այ այստեղից դուրս է գալիս, սենց է մտնում․․․ Ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»։
քարտեք և չեզոք գոտու անհրաժեշտություն
Աշաղ Ասքիփարայը Ոսկեպարի հարևանությամբ է գտնվում։
Ոսկեպարցիներն ասում են՝ եթե այն անցի Բաքվի վերահսկողության տակ, իրենց ճանապարհը դեպի Նոյեմբերյան և Իջևան փակվելու է, ադրբեջանական պոստերն էլ հայտնվելու են իրենց տներից մոտ 30 մետր, գյուղի դպրոցից էլ՝ մոտ 100 մետր հեռավորության վրա։
Միջպետական ճանապարհը շրջանցելու համար նոր երթուղի է պետք գցել։ Գազատարի հարցն էլ է անորոշ։
Կառավարությունը հիմա զբաղված է լոգիստիկ խնդիրների գույքագրմամբ։ Կոնկրետ լուծումներ չկան։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը արդարանում է՝ բանակցությունները դեռ շարունակվում են, գործնական քայլերի կանցնեն, երբ բոլոր հարցերի պատասխանները հստակ դառնան: Սանոսյանը՝ Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչների հետ միասին, սպասում է «բանակցողների որոշումներին»:
«Սահմանին մոտ անցնող հատվածներում կան տարբեր ենթակառուցվածքներ։ Կարող է լինի, օրինակ, գյուղի ջրագիծ կամ էլեկտրահաղորդման գիծ, կամ գազատար։ Հիմա պետք է հասկանանք՝ սահմանագծման-սահմանազատման գործընթացից հետո, երբ սահմանապահները կանգնեն, կոնկրետ որտեղ են նրանք կանգնելու՝ յուրաքանչյուրը ինչ-որ չափով հետ է գնալու, իրար մոտիկ են կանգնելու, այդ ինչ-որ չափն ինչքան է լինելու, կառաջանա չեզոք գոտի, թե չէ, եթե առաջանա չեզոք գոտի, նրա տարածքում ինչ-որ ենթակառուցվածք կհայտնվի, թե չէ», – ասում է Սանոսյանը։
Ոսկեպարում իրավիճակը վերջին շաբաթներին լարված է։ Գյուղ են գալիս ամենատարբեր խմբեր՝ ընդդիմադիր պատգամավորներ, ՀԿ-ներ, ռազմահայրենասիրական միություններ։ «Մարտական եղբայրություն» միաբանությունից էլ էին եկել, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարն էլ է այցելել, «Ազատազենից» էլ մարդիկ կային, ԱԺԲ-ականներ էին գնալու մտադրություն հայտնում։
Ոսկեպարցիները ընդհանուր առմամբ չեն վիճարկում, որ քննարկվող 4 գյուղերը Ադրբեջանի մաս են կազմել, բայց և չեն հասկանում՝ ո՞նց են ապրելու շրջափակման մեջ, ի՞նչ է լինելու միջհամայնքային և միջպետական ճանապարհների հետ, ո՞նց է ապահովվելու իրենց անվտանգությունը։ Որոշները դժգոհում են նաև միակողմանի զիջումից։ Սահմագոտու հենց այս հատվածում, ասում են, հայկական հողեր կան, որոնք գտվում են ադրբեջանական զորքի վերահսկողության ներքո։ Ինչո՞ւ դրանց վերադարձի հարցը չի քննարկվում։
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ստեղծված իրավիճակը տեղափոխել է քարտեզի վրա․
քարտեզն ամբողջությամբ՝ հղումով
Կարմիրով ուրվագծված է հայկական խրամատների և հենակետների գիծը
Կանաչով ուրվագծված են ադրբեջանական խրամատներն ու դիրքերը
Արանքում այսպես կոչված չեզոք գոտին է՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև գտնվող (այդ թվում՝ անականապատ) տարածությունը, որի լայնությունը տատանվում է մի քանի տասնյակ մետրից մինչև 2 կիլոմետր։
Նարնջագույն գծագրով պատկերված են նախկին 4 գյուղերի բնակելի հատվածները (հյուսիսից հարավ և հարավ-արևելք)՝ 1) Բաղանիս Այրում, 2) Աշաղ Ասքիփարայ, 3) Խեյրիմլի, 4) Ղըզըլհաջիլի
Ինչպես երևում է, Աշաղ Ասքիփարայի 3/4-րդը գտնվում է չեզոք գոտում։ Ղըզըլհաջիլին գրեթե ամբողջությամբ կա՛մ չեզոք գոտում է (փոքր մասը), կա՛մ ադրբեջանական խրամատներից այն կողմ (մեծ մասը)․ այս գյուղը լքվել է զուտ որովհետև մոտ է գտնվում շփման գծին։
Բաց կիսաթափանցիկ ֆոնով նշված է Հայաստանի Հանրապետության այն տարածքը, որը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո՝ Ջողազի ջրամբարից հյուսիս։ Դատելով իշխանությունների մեկնաբանություններից՝ այս տարածքի վերադարձի շուրջ համաձայնություն չկա։
անկլավների հարցը
2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար խոսում էր 8 գյուղերի վերադարձի մասին։ Հաճախ սա ներկայացվում էր այնպես, իբր խոսքը Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական էքսկլավների և Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական էքսկլավի (Արծվաշեն) մասին է։ Բայց ադրբեջանական էքսկլավները 4-ն են։ Մյուս 4-ը ոչ էքսկլավային, սահմանապահ գյուղեր են։ Ադրբեջանը այժմ հենց այդ գյուղերի վերադարձն է պահանջում։
Էքսկլավ/անկլավների շուրջ բանակցությունները, մինչ այդ, շարունակվում են։
տե՛ս «Հայաստանի սահմանների անորոշությունը» կեղծ օրակարգ է
Պաշտոնական մակարդակում երկու տարբերակ է արտիկուլացվել՝ անկլավների վերադարձ և անկլավների փոխանակում։
տե՛ս Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից
Ադրբեջանական անկլավները (Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բախուդարլու, Քյարքի (Տիգրանաշեն) և Պառավաքար գյուղի հողամասերում գտնվող միկրո անկլավ ադրբեջանական Յարադուլլու գյուղի դիմաց) փոքր գյուղեր են։ Արծվաշենը շատ ավելի մեծ գյուղ է։ Արծվաշենում ադրբեջանցի վերաբնակներ են ապրում։ Հայ վերաբնակներ կան նաև Քյարքիում (Տիգրանաշեն)։
«Google» քարտեզի համաձայն (սա պաշտոնական և ստույգ տվյալ չէ), Արծվաշենը մոտ 38 քառ․ կմ տարածք է զբաղեցնում, իսկ ադրբեջանական էքսկլավները միասին վերցրած՝ մոտ 44 քառ․ կմ։ Քյարքին (Տիգրանաշենը), որը, ըստ նույն քարտեզի, մոտ 8․4 քառ․ կմ տարածք է ընդգրկում, գտնվում է Հայաստանի միջպետական Մ-2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Բարխուդարլու-Սոֆուլու, որի տարածքը մոտ 10,2 քառ․ կմ է, գտնվում է միջպետական Մ-4 (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) մայրուղու և այլևս չգործող Իջեւան-Ղազախ երկաթուղու վրա, անկլավի հարեւանությամբ Մ-4 մայրուղուց սկսվում է Մ-16 միջպետական ճանապարհը (Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6)։
Թեև անկլավների հարցով դեռ որևէ որոշում չկա, Տավուշի բնակիչները ահազանգում են նաև խնդիրների մասին, որոնք կարող են ծագել անկալվների վերադարձի դեպքում։ Կանխարգելիչ քայլեր մարդիկ չեն տեսնում։