Հայաստանում ստեղծված իրավիճակի համար Ազգային Ժողովը պատասխանատու է այնքան, որքան գործադիր իշխանությունը, որքան դատական իշխանությունը: Անգամ տարիներ շարունակ իշխանություններին շատ մոտ կանգնած մի անհատ՝ Խոսրով Հարությունյանը, օրեր առաջ հեռուստաընկերություններին տված հարցազրույցում խորհրդարանը խոտան է անվանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:
Նրա խոսքով` խոտան խորհրդարանը` որպես երկրի օրենսդիր բարձրադիր մարմին, չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել երկրում օրենսդրական կարգուկանոն հաստատելու համար:
«Այս խոտան ԱԺ-ի արտադրանքը ներկայիս բացահայտ խոտան ընտրական օրենսգիրքն է, որով մենք պետք է գնանք ԱԺ համապետական ընտրությունների: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս օրենսգիրքը ստեղծված է Հանրապետական կուսակցության իշխանությունը շարունակելու համար, կարճ ասած՝ ՀՀԿ-ի ծրագրի ու կանոնադրության հավելված», – ասել է Խաչատրյանը` նշելով, որ օրենսգիրքը շատ անգրագետ է գրված:
«Եթե կարմիր գրիչը տան հայոց լեզվի որևէ գրագետ ուսուցչի ու հանձնարարեն ստուգել այս օրենսգիրքը, չհաշված օրենսդրական խորդուբորդերը ու ականները, կփաստեն, որ սա հայերեն գրված օրենսգիրք չէ», – հայտարարել է Խաչատրյանը:
Նա խորհուրդ է տվել փոփոխության ենթարկել այն` հիշեցնելով, որ դրա համար դեռևս ժամանակ կա:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձել է, որ ընտրական օրենսգիրքը խոտան անվանելը նախընտրական շոու ծրագրեր են:
Ըստ նրա` երբ օրենսգիրքը ստեղծվում էր, ոչ ոք չմասնակցեց ու չբարձրացրեց այս հարցը: