Home / Հայաստան / Մազ քաշելը սպորտային հնա՞րք. ինչպես էին ակտիվիստներին բերման ենթարկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մազ քաշելը սպորտային հնա՞րք. ինչպես էին ակտիվիստներին բերման ենթարկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով անցնող վկա, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Ակտիվիստները նշել էին, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել թե Կարապի լճի մոտ, թե ոստիկանության բաժնում:

Արթուր Տեր-Պողոսյանն իր ցուցմունքում նշել է, որ միջադեպի ժամանակ Տիգրան Առաքելյանն իրեն ասել է. «Զորքդ հավաքի, ստեղից ռադ էղի»:

Ոստիկիկանի խոսքով` ինքը մոտ տասնհինգ րոպե փորձել է երիտասարդներին հանդարտեցնել:

Նա նաև նշել է, որ ինքը փորձել է Տիգրան Առաքելյանի հետ զրուցել, սակայն վերջինս կախվել է իր կրծքավանդակից:

Առաքելյանի այն հարցին, թե արդյոք կախվելու պահին ինքն օդի մեջ էր, Տեր-Պողոսյանը դրական պատասխան է տվել, ինչն առաջացրել է ներկաների ծիծաղը:

Տեր-Պողոսյանը նաև ասել է, որ «Առաքելյանը ինքն իրեն է իջել», որովհետև եթե ինքն  Առաքելյանին թափահարեր, ապա դա կդիտվեր որպես անօրինական գործողություն:

Սպան հայտարարել է, որ միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին բերման ենթարկելու հրամանը ինքն է տվել, որն էլ արվել է:

Տեր-Պողոսյանը նշել է, որ երիտսարդներն իրեն հայհոյել են ու քաշքշել են ոստիկաններին, սակայն նա չի կարողացել ասել, թե, բացի Տիգրան Առաքելյանից, ով և ում է քաշքշել:

Ակտիվիստներից Արտակ Կարապետյանը Տեր-Պողոսյանից ցանկացել է իմանալ` ինչու են ոստիկանները 15 րոպե սպասել չենթարկվող երիտասարդներին բերման ենթարկելուց առաջ, ինչին վկան պատասխանել է, որ իրենք այդ ընթացքում փորձել են երիասարդներին հասկացնել, որ հասարակական կարգը չխախտեն:

Վկան նաև ասել է, որ իրենք երիտասարդներին բերման ենթարկելիս սպորտային  հնարք են կիրառել: Արտակ Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք մազերը քաշելը սպորտային հնարք է. Տեր-Պողոսյանը նշել է, որ ոստիկանները նման բան չեն արել:

Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը նաև հարցրել է գործով որպես տուժող անցնող Շահեն Հարությունյանի մասին, ով իր ցուցմունքում նշել է, որ նկարահանել է միջադեպը հեռախոսով, սակայն հեռախոսը կորել է:

Այս մասով Տեր-Պողոսյանն ասել է, որ ինքը, իմանալով դրա մասին, բանավոր նկատողություն է արել իր ենթակա ոստիկանին, ով փոխանակ իր ընկերներին օգնի` հեռախոսով «չգիտեմ` ինչեր էր անում»:

Տեր-Պողոսյանի խոսքով` Շահեն Հարությունյանի կորցրած հեռախոսի մեջ եղել է իր անձնական հեռախոսային քարտը, այլ ոչ ծառայողական:

Նա նաև արժանահավատ չի համարել փաստաբանի հարցում հնչած տեսակետը, թե Հարությունյանը կարող էր հեռախոսը միտումնավոր կորցնել, որպեսզի կորեին նաև ոստիկանների ապօրինություններ գործելու կադրերը:

Տիգրան Առաքելյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 27-ին,  ժամը 12-ին: