Home / Հայաստան / ՕԵԿ-ի նախկին մամուլի խոսնակը բացատրել է` ինչից է դժգոհ

ՕԵԿ-ի նախկին մամուլի խոսնակը բացատրել է` ինչից է դժգոհ

ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը երեկ վայր է դրել իր լիազորությունները, քանի որ դժգոհ է եղել, որ կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրել է 36-րդ տեղը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի հետ զրույցում նա հայտարարել է, որ կուսակցությունը չի կարևորել մամուլի խոսնակի դերն ու նշանակությունը:

«Ես 6 տարի շարունակ եղել եմ ՕԵԿ-ի խոսնակը, եփվել եմ, հղկվել եմ, ինձ թվում է` ես ավելի մոտ եմ կանգնած եղել, քան ինչ-որ մեկը, որը կարող էր խորհրդարանում ճիշտ մեկնաբանել կուսակցության քաղաքական գիծը, որովհետև ես ամեն օր պարբերաբար դա հանրությանն եմ ներկայացրել լրատվամիջոցների միջոցով, բայց ինչ-որ մարդիկ կարևորվել են ավելի շատ, քան մամուլի խոսնակը», – ասել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ չի խոսել, այս պահին որոշել է իր մեջ ամփոփվել, որպեսզի հետագայի համար արագ որոշումներ չկայացնի:

Նա նաև հերքել է այն լուրերը, թե ցուցակի առաջին տեղերում իր ընդգրկմանը խոչընդոտել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

ՕԵԿ մամուլի խոսնակ է նշանակվել Հարություն Ամիրյանը, ով Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակն էր: