ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ չունի և չի կարող ունենալ: Այս մասին նա ասել է «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:
«Իշխանությունը ուղիղ և հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է, քանի որ խեղաթյուրում է իշխանության և պատասխանատվության միջև առկա ուղղակի կապը: Եվ անհատների ով լինելն այստեղ որևէ նշանակություն չունի», – ասել է երկրորդ նախագահը:
Նրա խոսքով` իր հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն:
«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաև նախագահին:
Ինձ ընդդիմություն չեմ համարում և հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն և դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին:
Արդեն 3 տարի է` աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, և ինձ համար այդ գործը հետաքրքիր է: Ուշադիր հետևում եմ հայաստանյան անցուդարձին (ապրում եմ այստեղ, թեեւ հաճախ ճանապարհորդում եմ): Փորձում եմ չներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ», – ասել է Քոչարյանը: