«Գուրգեն Մարգարյանի եղբայրն անմեղ է». այսպիսի գրությամբ պաստառ են պահել մի խումբ երիտասարդներ, ովքեր այս րոպեներին բողոքի ակցիա են անցկացնում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ: Նրանց ձեռքին նաև 2004 թվականին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի մեծ նկարն է: Երիտասարդները պահանջում են ազատ արձակել Մարգարյանի եղբորը՝ Վահրամին, ով մեղադրվում է նախորդ տարվա օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում սպանությանը մասնակցելու մեջ:
Այդ օրը սպանվել էր Ռուսաստանի դաշնության 46-ամյա քաղաքացի Խաչիկ Գալոյանը: Դրանից անմիջապես հետո քաղաքացի Բորիս Հակոբյանը ներկայացել էր ոստիկանություն, հանձնել «Մակարով» տեսակի այն հրազենը, որից սպանվել էր Խաչիկ Գալոյանը և ասել, որ սպանություն կատարողը հենց ինքն է: Ոստիկանությունը մասնակցության համար մեղադրանք է առաջադրել նաև Վահրամ Մարգարյանին:
Նշենք, որ այս տարվա մայիսին կայացած դատական նիստին որպես վկա էր հանդես եկել Աշոտ Ֆրանգուլյանը: Վերջինս հայտնի է փետրվարին մեծ աղմուկ բարձրացրած «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Հայկ Գևորգյանի գործի առնչությամը: Ֆրանգուլյանը պնդում էր, որ Գևորգյանն իրեն վրաերթի է ենթարկել:
Մայիսին կայացած նիստի ժամանակ Բորիս Հակոբյանի պաշտպանը միջնորդել էր որպես վկա դատարան հրավիրել մի մարդու, որը կփաստի, որ սպանության օրը և ժամին ինքն ու Աշոտ Ֆրանգուլյանը բոլորովին ուրիշ վայրում շինարարությամբ են զբաղված եղել, մինչդեռ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայրից փախչելիս տեսել է Վահրամ Մարգարյանին:
Նշենք, որ այսօր պետք է կայանար սույն գործով հերթական դատական նիստը,սակայն այն հետաձգվեց, քանի որ գործում ներգրավվել է նոր դատախազ՝ Վահագն Պողոսյանը, ով խնդրել է 5 հատորանոց գործին ծանոթանալու համար ժամանակ տրամադրել իրեն: Դատավոր Արշակ Վարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին:
Այս պահի դրությամբ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները դեռևս կանգնած են դատարանի շենքի մոտ: Նրանց թվում են նաև «Գուրգեն Մարգարյան» ՀԿ-ի անդամներ:
Լուսանկարը՝ ankakh.com-ի