Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը հաղթանակով ճանապարհեց Սարգիս Հովսեփյանին մեծ ֆուտբոլից

Հայաստանի հավաքականը հաղթանակով ճանապարհեց Սարգիս Հովսեփյանին մեծ ֆուտբոլից

Այսօր Հանրապետական ստադիոնում կայացած Հայաստան-Լիտվա հանդիպման կարևորագույն իրադարձությունը մեր ընտրանու բազմամյա ավագ, լեգենդար դարձած պաշտպան Սարգիս Հովսեփյանի՝ մեծ ֆուտբոլին հրաժեշտի արարողությունն էր: Առաջին 5 րոպեները խաղադաշտում անցկացնելով, մի քանի անգամ խաղին միջամտելով՝ Սարգիս Հովսեփյանը ավագի թևկապը հանձնեց դարպասապահ Ռոման Բերեզովսկուն և ծափերի ներքո հեռացավ խաղադաշտից ու մեծ ֆուտբոլից: Նման արարողություն հայաստանյան ֆուտբոլում առաջին անգամ էր կազմակերպվում: Ընդմիջման ընթացքում Սարգիսին նվերներ ու պարգևներ հանձնեցին, բայց ամենամեծ պարգևը երկրպագուների «Սարգիս, Սարգիս» վանկարկումներն էին:

Թիմն էլ համարժեք արձագանքեց ավագի հրաժաշետի հանդիպմանը: Անմիջապես նրանից հետո, երբ Հովսեփյանը լքեց դաշտը, Հենրիխ Մխիթարյանն ու Արազ Օզբիլիսը գրագետ խաղարկեցին գնդակը, և վերջինս հարվածի դուրս բերեց Էդգար Մանուչարյանին, ով գնդակն ուղարկեց Լիտվայի հավաքականի դարպասի ձախ անկյունը: Առաջին կեսի ընթացքում մեր թիմն այլևս պահեր չունեցավ՝ նախաձեռնությունը զիջելով մրցակցին, բայց երկրոդ խաղակեսը հայաստանցիները սկսեցին հրթիռային արագությամբ: Երկրոդ գոլի հեղինակ դարձավ Կառլեն Մկրտչյանը, ով առաջինը հասավ գնդակին, երբ Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո այն անդրադարձավ դարպասի հորիզոնական ձողից: Չնայած Մկրտչյանը խաղից դուրս վիճակում էր, մրցավարն արձանագրեց դարպասի գրավումը:

Հայաստանի հավաքականի առավելությունն այնքան մեծ էր, որ շատ արագ գնդակը երրորդ անգամ հայտնվեց մրցակցի դարպասում. գեղեցիկ գրոհն ավարտեց Հենրիխ Մխիթարյանը: Լիտվացիները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն Օզբիլիսը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասապահի վրայով՝ 4:1: 83-րդ րոպեին մրցակիցը ևս մեկ գնդակ խփեց՝ 11-մետրանոցն իրացրեց Արտուրաս Ռիմկևիչուսը:

4:2 հաշիվը հստակ արտացոլում է այն, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում: Հայաստանի հավաքականը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հարձակման գծում մեծ ներուժ ունի՝ անգամ առանց Յուրա Մովսիսյանի, իսկ պաշտպանությունում խնդիրներն ակնհայտ են նույնիսկ միջին կարգ ունեցող թիմի դեմ խաղում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տարբերակներ փորձեց՝ խաղադաշտ դուրս բերելով երիտասարդ պաշտպանների՝ Կամո Հովհաննիսյանին, Տարոն Ոսկանյանին, Հովհաննես Համբարձումյանին, սակայն վերջնական լուծումներ այս պահին գտնել հնարավոր չէ: Ակնհայտ է, որ պաշտպանությունում մարզիչների փնտրտուքները շարունակվելու են: