Այսօր վաղ առավոտից Առողջապահության նախարարության մոտ էին հավաքվել երևանյան ատամնաբուժական կլինիկաների մեծ թվով բժիշկներ՝ հույս ունենալով հանդիպել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ: Մեկ ժամ սպասելուց հետո, ուշադրության չարժանանալով, նրանք երթով շարժվել են կառավարության շենք, որտեղ էլ շարունակել են իրենց ակցիան:
Еpress.am-ի հետ զրույցում բժիշկները նշել են, որ եկել են իմանալու՝ ինչ որոշում է կայացրել կառավարությունն այսօրվա նիստում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը: Հիշեցնենք, որ ստոմատոլոգները պահանջում են չեղյալ համարել հունվարի 1-ից ներմուծված նոր հարկը, համաձայն, որի իրնք յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար պետք է ամսական 80 հազար դրամ վճարեն:
Բողոքողներից շատերը փաստել են՝ թեև իրենց գործընկերների հետ կառավարություն են եկել, սակայն առանձնապես հույսեր չունեն, թե իրենց օգտին կարող է ինչ-որ բան որոշվել:
«Սա ուղղակի հերթական ֆարսն է, ինչին մենք ականատես ենք վերջին մեկ ամսվա ընթացքում: Ոչ մի ակնկալիք չկա, ամեն ինչ արդեն արվել է, որ ստոմատոլոգների համբերությունն ուղղակի սպառվի ու զզվեն-հեռանան այստեղից», – նշել է բժիշկներից մեկը, ով ներկայանալ չի ցանկացել:
Ստոմատոլոգ Մանուկ Գևորգյանի խոսքով՝ ակցիան տարերային է՝ հավաքվում են մարդիկ, ովքեր մտածում են ՝ դեռ ժամանակ ունեն, շատերն էլ ուղղակի պատրաստում են ճամպրուկները՝ երկրից հեռանալու համար:
«Օրենքի ընդունումը ուղղակի ճնշում է ատամնաբուժական փոքր կլինիկաների վրա. մեծամասնությունն արդեն փակվել է, փակվելու է: Ես լավ գիտեմ, քանի որ ես եմ մասնագետը ու ինձ կանչում են դեմոնտաժելու իրենց սարքավորումները, այնուհետ վաճառում են, ինչից հետո էլ հեռանում են», – ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այսօրվա հավաքի նպատակն է հանդիպել որևէ պատկան մարմնի հետ լուրջ խոսակցություն ունենալ:
Գևորգյանը նաև հավելել է, որ ինքը այս կառավարությունից որևէ հույս չունի:
«Եթե էս կառավարությունը որոշում ա կայացնում՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ: Ուղղակի էս կառավարությունը նենցա անում, որ որոշակի անհատների շահերը պաշտպանի, որոշակի նպատակների հասնի, ոնց որ հասան ու հասնում են հայաթափությանը, ուրիշ ոչինչ», – եզրափակել է մասնագետը:
Ատամնաբույժ Հասմիկ Շահվերդյանն էլ ընդգծել է՝ թեև ինքը հնարավորություն ունի դրսում աշխատելու,սակայն գնալ չի ուզում՝ ինչ-որ բան այստեղ իրեն պահում էր:
«Եթե ես իմ երկրում պետք է լինեմ 3-4-րդ կատեգորիայի մարդ, եթե պիտի գնամ փողոց ավլեմ, ես կգերադասեմ գնամ ու դա անեմ ուրիշ տեղ, չնայած ես հնարավորություն ունեմ իմ մասնագիտությամբ աշխատել ցանկացած երկրում», -նշել է Շահվերդյանը:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ Еpress.am-ին ասել է, որ պատրաստվում է հեռանալ երկրից, քանի որ կարծում է, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու:
«13 տարվա ատամնաբույժ եմ և տեսնում եմ, որ հարկային դաշտը փոխվելու փոխարեն, երկրի վիճակն էլ ավելի է վատանալու, դիմելու եմ ՌԴ միգրացիոն գրասենյակ ու հեռանամ երկրից», – եզրափակել է մեր զրուցակիցը:
Ատամնաբույժների՝մոտ երկուսուկես ժամ տևած ակցիան ավարտվել է Առողջապահության նախարարություն շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները հեռացել են, սակայն նշել են, որ կրկին հանդիպելու են փետրվարի 4-ին՝ Ազգային Ժողովի շենքի մոտ: