Մայիսի 10-ին բռնի ուժով Ավանի հոգեբուժարան տեղափոխված, Կոմիտասի 56 շենքի բնակիչ, 78-ամյա Ամալյա Նազարեթյանը շաբաթ օրը տուն է վերադարձել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ լավ է և առողջական խնդիրներ չունի:
Նազարեթյանի խոսքով՝ իր առողջական վիճակը երբեք վատ չի եղել, կյանքում չի իմացել, թե բժիշկը ինչ է, 25 տարի ուսումնարանում է աշխատել և երբեք «բուլետեն» չի ունեցել:
«Արդարության համար որ պայքարում ես, գլխիդ տալիս են, էն որ ռուսի ասածով` перешла дорогу олигарху (օլիգարխի ճանապարհը կտրեցի), ու ինչ պետք է անեն, ես եմ, որ կամ, դուք հեչ եք»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Նազարեթյանի խնդիրները կապված են եղել «Իդեալ» խանութի և «Կոմիտաս» սրճարանի հետ, որի ներկայացուցիչները պնդել են, որ կինը ոչ ադեկվատ է իրեն պահում: Մինչդեռ Նազարեթյանի հարևանները նշում են, որ կինը մշտապես նորմալ վարքով է աչքի ընկել:
Կինը նշել է, որ որոշ ժամանակ կմնա քրոջ տանը, այնուհետև մտադիր է վաճառել տունը և Երևանի մեկ այլ վարչական շրջանում բնակարան գնել, ունենալ լավ հարևաններ:
Նազարեթյանը պատմել է, որ 4 տարի առաջ իրենց շենքի տակ գտնվող «Իդեալ» խանութից մեծ գումարով լոգախցիկ էր գնել, սակայն նրան անորակ ապրանք էին վաճառել: Կինը դրանից հետո բազմիցս դիմել է խանութին` խնդրելով փոխել, սակայն նրան ձեռ էին առնում, ծիծաղում էին` մտածելով, թե «մի հատ պառավ է, շա՞տ է հասկանում»: Դրանից հետո նա դիմում է ոստիկանություն, և այդ հարցը կարճ ժամանակում լուծվում է, ոստիկանների միջոցով ապրանքը ետ են վերադարձնում, կնոջը գումարն էլ տալիս: Նրա խոսքով` այդպես խանութի հետ դառնում են թշնամիներ, քանի որ «իրենց խոսքը չանցավ»:
Դրանից հետո «Իդեալ» խանութ զբաղեցնող տարածքի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը ցանկանում է տարածքը մեծացնել, սակայն հարևանները դեմ են լինում դրան: Ամալյա Նազարեթյանը օգնում է խանութին` համոզելով հարևաններին, որ տարածքը առաջ կտան, չեն խանգարի իրենց, բնակիչների համար ավելի լավ կլինի: Սակայն, սեփականատերերը տարածքը մեծացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, և հարևանների աչքում նա «վատամարդ» է դառնում: Իրավիճակը շտկելու համար նա գնում է «Իդեալի» գրասենյակ, փորձելով հանդիպել տնօրենի հետ, սակայն նրան շատ կոպիտ են պատասխանում և ճանապարհում: Ավելի ուշ մեծացրած տարածքում խանութը օդորակիչ է տեղադրում, որի ձայնից իր տան հեռուստացույցն է փչանում, խանութում շինարարությունից էլ կնոջ տան պատերը ճաքեր են ստանում, որոնք այդպես էլ խանութը չի վերանորոգում: Կինը դիմում է լրատվամիջոցներին` խնդրելով օգնություն, հոդված է տպագրվում, սակայն դա ավելի է բարկացնում տարածքի սեփականատերերին: Ամալյա Նազարեթյանի խոսքով՝ այդ ամենից հետո իր նկատմամբ հալածանքներ են սկսվել, իրեն արգելել են հարակից այգի մտնել, Կոմիտասի փողոցով քայլել:
«Դրանից հետո որ դուրները չեկավ, էդ Մխիթարյան Արմենի մայրը` «գիժ Սուսանը», մի ժամանակ Սևանի գժանոցում էր, թե ոնց է դուրս եկել, չգիտեմ, որտեղ հասնում էր, խփում էր, հարվածում էր, մազերս պոկում էր, ես ոչ մի անգամ նման քայլի չէի դիմում, դիմում էի պետությանը»,- պատմել է նա` հավելելով, որ ոստիկանություն դիմելուց և նրան այնտեղ կանչելուց հետո այլևս իրեն չի անհանգստացրել:
Տարածքի սեփականատերերը շենքի մոտ գտնվող այգում սրճարան ունեն: Մի անգամ կինը անցնում էր այգու մոտով, սեփականտիրոջ հարսը, ով գտնվում է սրճարանում, սկսում է գոռալ: Կինը նորից զանգում է ոստիկանություն, «հենց միլիցիա անունը իմանում են, իրենք միլիցիայից ահավոր վախենում են»: Դրանից հետո այդ սրճարանի աշխատողները հայտարարում են, թե երկու տարի առաջ Ամալյա Նաղարեթյանը մտել է սրճարան, սեղանները, աթոռները շուռ է տվել, բաժակները ջարդել, պայուսակներից փող է վերցրել և այժմ փոխհատուցում են պահանջում, իսկ կինը հակադարձում է` ասելով, որ «լավ, եթե ես չեմ հասկանում, մտել եմ, նման բան եմ արել, բա 10 հոգի մարդ կար կանգնած, նայում էին, թե ես ինչ եմ անում, թող զանգեին ոստիկանություն»:
Իրեն խաբեությամբ հոգեբուժարան տեղափոխելու մեջ կինը մեղադրում է ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբորը` Անդրանիկին: Ամալյա Նազարեթյանի խոսքով` իր հակասությունը Արմեն Մխիթարյանի եղբոր` Անդրանիկի հետ է, քանի որ նա է զբաղվում այդ տարածքով:
Նա խնդիրներ ուներ նաև «Իդեալ» խանութի մենեջերի հետ, անունը` Գագիկ է, վերջինս մենեջերից դարձավ բանվոր, «մեկ էլ տեսանք գալուստիկ է կապել, դրանից հետո իմացանք, որ մի հատ «Արմադա» է քշում, ասացի ինչի՞ Խաչատրյանը («Իդեալի» տնօրենին նկատի ունի-խմբ) քեզ գալուստիկ տվեց, պահեստապետ դարձրեց, մեքենա տվեց»: «Նայեց երեսիս, ասաց՝ նա էդ տվել է, որպեսզի տունդ ձեռիցդ առնեմ, իրենք ասում էին, թե քեզ կգցենք գժանոց, տունդ կվերցնենք ձեռիցդ: Էդ Գագոն հետո սկսեց հետս լավանալ, թե ես քո թոռնիկն եմ, ուրիշին տունդ չտաս, ձեռիցդ կվերցնեն, ավելի լավ է իմ վրա գրես քո տունը, ես էլ ասի՝ տղա ջան, մենք հինգ երեխա ենք, նեուժելի մեկը չկա էդ 5-ի մեջ, որ իր վրա գրեմ, ոչ թե քո վրա, որ ինձ վնաս տվող ես»:
Կինը շեշտեց, որ իր հարևաններից ոչ ոք իր մասին բացասական բան չի ասել, հոգեբուժարանի բժիշկները ևս ասում էին, որ ինքը առողջ է:
Ամալյա Նազարեթյանը պատմել է, որ սկզբից իրեն շատ վատ էին վերաբերում հիվանդանոցում, ակայն լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո, հարևանների, հարազատնների բողոքից հետո սկսեցին հարգալից լինել, օրինակ` եթե նախկինում բերում, գցում էին սնունդը, դրանից հետո արդեն ափսեի մեջ էին բերում, «ջանուղուրբան» անում:
Տեսանյութը՝ news.am-ի