Վրաստանի՝ Իրանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմի վերացման միակողմանի որոշումը բացասական ազդեցություն կունենա երկու երկրների կապերի վրա: Այս մասին կիրակի հայտարարել է իրանցի պատգամավոր Մանսուր Հաքիքաթփուրը, հայտնում է Civil.ge-ն՝ հղում կատարելով իրանական Fars News գործակալությանը:
«Վրաստանի կառավարությունը փորձում է հաճոյանալ իր արևմտյան և ամերիկյան տերերին՝ նրանցից փոխադարձ առավելություններ ստանալու հույսով», – Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթփուրին է մեջբերում FNA-ն:
«Նման վարքագիծը վրաց-իրանական կապերի պատմության մեջ քիչ նախադեպեր ունի և բացասաբար կազդի Թեհրան-Թբիլիսի հարաբերությունների վրա»,- ասել է նա:
Հուլիսի 3-ին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալահեդին Բուրուջերդին նույնպես քննադատել էր Վրաստանին ազատ վիզային ռեժիմը վերացնելու համար և ասել, որ վրացի պաշտոնյաները «չեն հարգում համաձայնության շուրջ սեփական ստորագրությունները»:
Ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ էր մտել 2011 թվականի նոյեմբերի վերջին և նպաստել Իրանից Վրաստան այցելուների քանակի աճին. եթե 2010 թվականին այցելուների թիվը կազմել էր 21300 մարդ, ապա 2012 թվականին իրանցի այցելուների թիվը գերազանցել էր 89600-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից Վրաստանը Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն վիզային ռեժիմ է սահմանել: