Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի դեպքի առնչությամբ բողոք չի ներկայացվել, և այդ պատճառով էլ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով՝ միջադեպի հետ կապված Ոստիկանության Մուշի բաժնում այժմ քննություն է ընթանում:
Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը Epress.am-ին ասել է, որ նա չէր կարող բողոքել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ոչ միայն ոստիկաններին չի կարող հանդիպել, այլ նաև հարազատներին չի տեսնում:
Սահակյանի խոսքով՝ ոստիկանության համար կան բավարար հիմքեր ցանկություն դեպքում քրեական գործ հարուցելու համար: Սահակյանը, մասնավորապես, նշել է, որ մամուլում եղել են հրապարակումներ և փաստ է, որ Սարգսյանին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Նշենք, որ Epress.am-ի հետ զրույցում Արմեն Մալխասյանը նաև հերքել է մամուլում տարածված լուրերը, թե դատարանի հանդեպ վիրավորական պահվածքի համար Լուսինե Սահակյանի բողոքի հիման վրա Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Ըստ Մալխասյանի՝ այժմ այդ բողոքի կապակցությամբ ևս հետաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ, ականատեսների պնդմամբ, Վարդան Ղուկասյանը Սամվել Սարգսյանին ծեծի էր ենթարկել հուլիսի 16-ին՝ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո: Սարգսյանը նախակաթվածային վիճակում ու մարմնական վնասվածքներով տեղափոպվել էր հիվանդանոց: Այդ օրը դատարանում քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը: Մեղադրյալը Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: