Գյումրիի նախկին քաղաքապետի կողմից քաղաքացուն ծեծելու փաստի առթիվ քրեական գործ են հարուցել: Ոստիկանությունը երկար ժամանակ դա չէր անում՝ պատճառաբանելով, որ տուժողը չի բողոքել:
Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի բողոքի հիման վրա ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ: Վերջինս մեղադրվում է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ): Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով հուլիսի 16-ին կայացած դատական նիստից հետո նախկին քաղաքապետն իրեն ուղեկցողների հետ ծեծի էր ենթարկել մեղադրյալ Հարություն Սարգսյանի հորը՝ Սամվել Սարգսյանին: Միջադեպից հետո Սարգսյանը նախակաթվածային վիճակում ու մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր անցկացրել: Հիվանդանոցում գտնվելու պատճառով էլ Սամվել Սարգսյանը բողոք չէր ներկայացրել, իսկ ոստիկանությունն առանց բողոքի փաստի գործ չէր հարուցում:
Հուլիսի 16-ին նույն դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը նաև վիրավորել էր Լուսինե Սահակյանին, մասնավորապես, «դև» անվանելով: Այս առթիվ փաստաբանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար քրեական գործ հարուցելու պահանջով: Տվյալ բողոքի փաստով նյութեր են նախապատրաստվում և քրեական գործ դեռ չի հարուցվել: