Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Արամ Մուղալյանի և նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի դեմ խոտի դեզ այրելու և խուլիգանություն անելու փաստի առթիվ հարուցված գործի քննությունը: Այսօրվա նիստը կարող էր վճռորոշ լիներ, քանի որ դատախազը պետք է պաշտպանների միջնորդության մասին տեսակետ հայտներ, ինչը չէր արել նախորդ նիստին՝ դատավորից ժամանակ խնդրելով:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ նախաքննական մարմինը, խախտելով օրենքը, երկամսյա ժամկետը լրանալուց 25 օր անց է միջնորդել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին: Այժմ փաստաբանները պահանջում են 25 օրում ստացված ապացույցները անօրինական և անթույլատրելի ճանաչել և գործը կարճել:
Ինչևէ, դատախազ Անդրանիկ Դոլինյանն այսօր չէր ներկայացել դատարան: Նա դատավորին միջնորդություն էր ուղարկել՝ թույլ տալով, որպեսզի պետական մեղադրողի պարտականույթունները այսուհետ գործի շրջանակներում կատարեն Անդրանիկ Սահակյանը և Արսեն Աղաբեկյանը, քանի որ ինքը վերապատրաստման սեմինարների է մասնակցում: Նոր դատախազները ևս հրաժարվել են նախաքննական մարմնի դեմ միջնորդության շուրջ կարծիք հայտնել և ամենաքիչը 10 օր ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար:
«Ձեռ եք առնում արդե՞ն: Մեր տղաները 4 ամիս է՝ անհիմն նստած են»,- դահլիճից բղավել է մի կին և ստացել դատավորի նկատողությունը:
Ըստ պաշտպանական կողմի՝ ձգձգումը միտումնավոր է կատարվում, քանի որ նախորդ դատախազը, հավանաբար, մեկ օրում չէ, որ իմացել է իր վերապատրաստման մասին և կարող էր նյութերը տրամադրել նոր դատախազներին:
«Հաղորդում են տվել, որ բացահայտել են, հետո տեսել են, որ կապ չունի, էլ չենք կարողացել փոխել դիրքորոշումը: Իմ մտավախություններից մեկը դա է»,- Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործի ընթացքին՝ ասել է Փիլիոյանի և Առաքելյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը:
Նա ասել է, որ գործը պետք է կարճվի, քանի որ նախաքննությունն անօրինական է կատարվել, ապացույցներ չկան, միակ ապացույցը Մուղալյանի ցուցմունքն է, որը ստացվել է խոշտանգումների միջոցով:
Դավթյանն ասել է, որ իր պաշտպանյալ Փիլոյանին ևս ծեծի են ենթարկել և դրա հետևանքով ստացված կապտուկների մասին դատաբժշկական փորձաքննություն կա, ինչը ևս դեռ գործին կցված չէ:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը կտրականապես դեմ է տղաների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն: Դատավորը միայն Արթուր Քլյանին է ազատել՝ գրավի դիմաց, իսկ մյուսների մասով մերժել է՝ պատճառաբանելով, որ ազատության մեջ նրանք կխոչընդոտեն քննությանը:
Այսօր դատական նիստին ուշացումով ներկայացել է նաև տուժողը՝ Սիաբանդ Խուդոյանը, ով ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ինքը ոչ մի պահանջ չունի ամբաստանյալներից: