Տավուշի մարզի Բերդ քաղաքից 47 միլիոն դրամի գողության գործով առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում են և տուժողը, և պատասխանող կողմը: 47 միլիոնի դրամի համաժեք ոսկյա իրեր և թղտադրամներ կորցրած տուժող կողմը դժգոհ է, որ կասկածյալներից մեկը՝ Մասիս Խաչատրյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ինչը, ըստ տուժողի ներկայացուցչի, մեղմ պատիժ է, իսկ մյուսը՝ Կորյուն Ալավերդյանը, արդարացվել է:
Խաչատրյանը, ում դատապարտել են ոսկեղենի գողության համար, նույնպես վճիռը բողոքարկել է, քանի որ համարում է, որ իրեն պետք է արդարացնեն: Նա պնդում է, որ իր դեմ առկա միակ ապացույցը՝ իր տանը խուզարկությամբ հայտնաբերված գողացված դեղին գույնի առյուծի պատկերով մատանին, պահարանի դարակում գցել է ոստիկանույթան աշխատակից Վոլոդյա Չոբանյանը:
Մեղադրյալների պաշտպանները համոզված են, որ երկու ամբաստանյալների «գլխին գործ են սարքում», քանի որ իրենք չեն կատարել գողությունը, և նրանց դեմ ոստիկանությունը փորձել է անօրինական ճանապարհներով ապացույցներ հավաքել:
Կորյուն Ալավերդյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում) Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալի հետ ներքին օպերատիվ դիտումը, որին տուժող կողմը հղում է անում, թեև այն հանվել է ապացույցների շարքից, տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով: Տավուշի ոստիկանության վարչության պետը, Կորյուն Ալավերդյանին հարցաքննելով, ասել է, որ եթե նա իր հետ չհամագործակցի, ապա ինքը կզանգի դատարանին և կասի, որ Կորյունին ևս մեղավոր ճանաչեն:
«Եթե այդ տեսանյութը ճանաչվի ապացույց, ապա բարձրաստիճան ոստիկանի դեմ կամ պետք է գործ հարուցվի կամ պետք է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեն»,- ասել է Հակոբյանը:
Ըստ նրա՝ թեև իրենք դեմ են, որ ձայնագրությունը գործին կցվի, քանի որ այն մոնտաժված է, սակայն այդ նույն զրույցի ժամանակ ոստիկանն ասում է, որ իրենց պետք է գտնել գոնե մեկ իրեղեն ապացույց, և այդ զրույցից երկու ամիս անց Մասիս Խաչատրյանի տանը «հայտնաբերվում» է մեկ մատանի և այդ հայտնաբերելուց հետո հետախուզությունը դադարեցրել են:
Ըստ պաշտպանի՝ կասկածելի է նաև այն, որ տուժողը՝ Վլադիմիր Վանեսյանը, և նրա կինը մի քանի անգամ հարցաքննվելով չեն ունեցել որևէ կասկածներ և միայն վեց ամիս գողությունից անց՝ մատանին «հայտնաբերելուց հետո», ասել են, թե իրենք գողության օրը իրենց խանութում տեսել են Մասիս Խաչատրյանին:
Երեկվա գործով տեղի է ունեցել առաջին նիստը Վերաքննիչ դատարանում: Բողոքը ներկայացնելու հնարավորություն են ունեցել դատախազը, տուժողի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը, սակայն պաշպանական կողմին հերթը չի հասել. նիստն ընդհատվել է դատավոր Գագիկ Ավետիսյան բերած այն պատճառաբանությամբ, թե դատարանը ծանրաբեռնված է: Դատավորը, ի դեպ, թույլ չի տվել լրագրողներին և նիստին հետևող իրավապաշտպան «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանին նկարահանել դատարանի դահլիճում՝ ասելով, թե «նա կաշկանդում է դատարանին»: Դանիելյանն ասել է, որ դատարանի նման պահվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դատարանը անկախ չէ և վախենում է գործի հրապարակային դառնալուց: