Հրապարակախոս Զորի Բալայանի (լուսանկարում՝ կենտրոնում) խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակի մասին Սերժ Սարգսյանը «բացարձակապես տեղյակ չի եղել»: Այս մասին Բալայանն ասել է Yerkir.am-ի հետ զրույցում: Այն հարցին, թե նամակը հրապարկելուց հետո էլ Սերժ Սարգսյանն իր հետ չի՞ կապվել, Բալայանը արձագանքել է. «Աբսալյուտնո»:
Նշենք, որ Բալայանն իր ծավալուն նամակում մեջբերում է 80-ական-90-ականների խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի խոսքերը, ով նշել էր, որ սխալ է ասել «Ղարաբաղի խնդիր», քանի որ դա ավելի շատ «Ռուսաստանի խնդիրն է»: Բալայանը Պուտինին կոչ է անում հիշել դա՝ նշելով, որ 1813 թվականի Ռուսական կայսրության և Իրանի միջև ստորգրված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը հանձնվել է Ռուսաստանին, իսկ պայմանագրի մեջ նշված է, որ «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլև «ժառանգորդներն» ու «հաջորդողները»: Բալայանն ընդգծում է, որ «Ռուսաստանը և Պարսկաստանը պայմանագիր ստորագրել են հավերժական ժամանակների համար» ու կոչ է անում Պուտինին այցելել Լեռնային Ղարաբաղ:
Բալայանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Վլադիմիր Պուտինն իր նամակին առայժմ չի արձագանքել:
«Ես նամակում էլ գրել եմ, որ եթե անգամ չարձագանքի էլ, ես այդ նամակը պետք է գրեի»,- ասել է Բալայանը, ով այլ հարցերի չի ցանկացել պատասխանել՝ նշելով, որ զբաղված է:
Արձագանքելով Զորի Բալայանի նամակի բովանդակությանը՝ գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը hayeli.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե կա հնարավարություն, որ Լեռնային Ղարաբաղը միանա Ռուսաստանին, ապա դա ընդունելի և արդյունավետ լուծում է:
«Որովհետև Ռուսաստանին միանալուց հետո Ղարաբաղը կարող է միանալ նաև Հայաստանին: Դա Ղարաբաղի հարցի լուծման ամենահաջող տարբերակներից մեկն է: Եթե ԼՂՀ կոնֆլիկտը նման ձևով լուծվի, ամենակարևորը այս պահին Ադրբեջանի հետ մեր ունեցած կոնֆլիկտը կվերանա: Փաստորեն այս պահին մենք Ադրբեջանի հետ ունենք Ղարաբաղի չլուծված խնդիրը, որը լուրջ կոնֆլիկտ է: Եթե Ղարաբաղի Ռուսաստանին միավորելու հնարավորություն լինի, ապա արդեն Ադրբեջանը ոչ թե մեր, այլ Ռուսաստանի հետ կունենա կոնֆլիկտ, իսկ Ալիևը, վստահաբար չի համարձակվի հարձակվել Ռուսաստանի վրա: Թե չէ արդեն Ադրբեջանն իր ռազմատենչ հոխորտանքով իսկապես կերավ մեր հոգին: Ճիշտ մենք դրան միշտ արժանի հակահարված տալիս ենք, բայց հարցը լուծում է պահանջում», – ասել է Դավոյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի աշնանը Զորի Բալայանի նախաձեռնող խմբի շարքում էր, որը բաց նամակ էր ուղարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում ՀՀ խորհրդանիշները փոխելու մասին առաջարկով: Նախաձեռնողները, մասնավորպես, կարծում են, որ անհրաժեշտ է ընդունել Մարտիրոս Սարյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի զինանշանը: Նրանց խոսքով՝ զինանշանի վրայից պետք է հանել «Սովետական» բառը, փոխարենը գրել «Արևելյան Հայաստանի Հանրապետություն»: