Սյունիքի մարզի Ծիրանաձոր գյուղի մարտական հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին զոհված շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի մահվանից մոտ 20 օր առաջ նույն հենակետում՝ Սահակյանի նախորդ հերթապահության ժամանակ, կրակոց է հնչել: Այս փաստը, սակայն դատարանում ուշադրության չի արժանացել, թեև հնարավոր է անմիջական կապ ունի Սահակյանի մահվան դեպքի հետ: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է գործում որպես մեղադրյալ ներկայացված Արթուր Միսակյանի ու Արտաշես Խաչատրյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Անի Թորոսյանը:
Ամբաստանյալները մեղադրվում են զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ, սակայն չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Տուժող կողմի իրավահաջորդները, իրենց հերթին, չեն հավատում ինքնասպանության վարկածին:
Թորոսյանի խոսքով՝ ինքը միջնորդել է դրվագի առթիվ 4 վկաների հարցաքննել, սակայն դատարանը մերժել է: Epress.am-ի հետ զրույցում Սահակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը ևս կարևորել էր այդ վկաների հարցաքննությունը:
«Փաստ է, որ վկաները լռում էին, որ հենակետում մեկ այլ կրակոցի դեպք է եղել։ Այդ մասին ասել է վկա, սպա Գոռ Մարգարյանն այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ իրենց [վկաների] վրա ճնշումներ են գործադրվել: Այսինքն՝ սա երևան եկած նոր փաստ էր, և այն պետք է դատարանը ուսումնասիրեր»,- ասել է Խչեյանը:
Վկաները հետագայում պատմել են, որ նախաքննության ժամանակ ցուցմունքներն իրենցից վերցվել են հոգեբանական ճնշումների ներքո՝ 15 օր շարունակ մեկուսարանում պահելով։
Առաջին կրակոցի մասին խոսելով՝ Թորոսյանը մեջբերել է Գոռ Մարգարյանի ցուցմունքը, ով ասել է, որ կրակոցը լսելով՝ ինքը վազել է հենակետ, այդտեղ տեսել Սարգիսին՝ վախեցած-նստած, և մյուս զինծառայող Թովմաս Մնացականյանին՝ գլխիկոր նստած: Վերջինս ասել է, որ ինքն էր կրակողը, և դա բացատրել է նրանով, որ «գրոյկի մեջ էր»: Կրակոցից ոչ ոք չի տուժել։
«Իսկ Սարգիսի մահվան օրը Թովմաս Մնացականյանը դուրս է եկել հենակետից և հայտարարել, թե իբր «Սարգիսին թուրքերն են խփել»: Հետագայում մեջբերվել է ինքնասպանության հորինված վարկածը»,-ասել է Անի Թորոսյանը՝ պնդելով, որ դեպքը լրացուցիչ քննության անհրաժեշտություն ունի:
Մեղադրանքի համաձայն, ծառայակիցները Սարգիս Սահակյանին ճնշել ու նվաստացրել են «Սնիկերս» թաքուն ուտելու համար, նրան անվանել են «չաթլաղ»: Պաշտոնական վարկածի համաձայն, վիրավորանքը դրդել է Սահակյանին ինքնասպան լինել: