Գլխավոր / Տեսանյութեր / Հովիկ Աբրահամյանը վստահ է՝ անարխիան վտանգում է երկիրը

Հովիկ Աբրահամյանը վստահ է՝ անարխիան վտանգում է երկիրը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին անհանգստացնում է, որ «հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով»։ Այս մասին նա ասել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:

Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական», — ասել է Աբրահամյանը:

Նա առաջարկել է անհրաժեշտության դեպքում հրավիրել եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրել նրանց փորձը, անցկացնել ուսուցում։

«Բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում», — հայտարարել է վարչապետը։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հավանաբար նկատի է ունեցել նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ Ազգային ժողովի մոտ կանգնած «Դեմ եմ» շարժման ակտիվիստներն ընդհարվել են ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Վերջինս Կենսաթոշակային կուտակային համակարգի նոր օրենքի ընդունման դեմ պայքարող նախաձեռնոթյան անդամներին ասել է՝ «Արա, դուք պիդռներ եք», իսկ ակտիվիստները մանրադրամներ են նետել նրա ուղղությամբ։

Իր այսօրվա ելույթում Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, չի խոսել պաշտոնյաների պահվածքի մասին, ովքեր հաճախ հայհոյում ու սպառնում են ակտիվիստներին և լրագրողներին, ինչպես նաև խոչընդոտում վերջիններիս աշխատանքը։