Վոլոդյա Ավետիսյանը պատրաստ է հայրենիքի համար 10 տարի նստել։ Այս մասին քաղբանտարկյալ, պահեստազորի փոխգնդապետ Ավետիսյանն ասել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա դատական նիստի ընթացքում։
Իր խոսքում Ավետիսյանը, ով մեղադրվում է 2000 դոլար կաշառք վերցնելու մեջ, ասել է, որ մեկ անգամ արդեն ապացուցել է իր հայրենասիրությունը՝ կռվելով Լեռնային Ղարաբաղում:
«Ես իմ արարքների մեջ հանցագործություն չեմ տեսնում: էդ ամեն ինչը սարքած է: Որովհետև ինձ բազմիցս մոտեցել են, ասել են՝ Վոլոդյա ջան, գլխիդ կսարքենք, չգիտես՝ ինչ պետությունում ես ապրում»,- ասել է Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջդրվել այն բանից հետո, երբ նա անցյալ տարվա մայիսի 2013-ից կազմակերպել է ազատամարտիկների բողոքի ակցիաները, ովքեր պահանջում էին սոցիալական պայմանների բարելավում։
«Ես ապացուցել եմ իմ նվիրվածությունը հայ ժողովրդին, հայ պետականության համար գնացել եմ պատերազմ: 89-ին եղել եմ Վարդենիսում, 91 թվին եղել եմ Շահումյանում, Մարտակերտում, 93 թվականին նոր սկսել եմ ծառայել բանակում: Այդ երեք տարում ոչ մեկից ոչ մի կոպեկ չեմ ստացել: Ես ունեի երկու անչափահաս երեխա, որոնց իմ ընտանիքն էր պահում՝ հայրս, մայրս, եղբայրս էին պահում»,- ասել է ազատամարտիկը:
Իր խոսքում ազատամարտիկը նաև կոչ է արել օր առաջ «ազատվել բռնապետական իշխանություններից»: