հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՄԻԵԴ-ը Թեղուտի գյուղացիների բողոքների հիման վրա հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը

ՄԻԵԴ-ը Թեղուտի գյուղացիների բողոքների հիման վրա հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է (վարույթ է ընդունել) Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բերած թվով 9 բողոքները՝ դրանց վերաբերյալ հարցեր ուղղելով ՀՀ Կառավարությանը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է գյուղացիների իրավունքները պաշտպանող փաստաբան Կարեն Թումանյանը։ Վերջինս նշել է, որ հարցերի բնույթը ՄԻԵԴ-ը չի հրապարակում։

Փաստաբանը հիշեցրել է, որ իր ներկայացրած թվով 12 գործերի նյութերի համաձայն, Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին և 6-րդ հոդվածները, այն է՝ սեփականության իրավունքը և արդար դատավարության իրավունքը։ Գյուղացիներին պատկանող հողատարածքներում սկսվել է հանքեր շահագործելու նախապատրաստական աշխատանքներ, իսկ նրանց մի մասը վիճարկում է շահագործման թույլտվության օրինականությունը։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թեղուտի խնդիրը պարբերաբար բարձրացվում է բնապահպանների կողմից։ Նրանք նշում են, որ, խախտելով Օրհուսի կոնվենցիան, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Թեղուտի անտառներում հանք շահագործել։ Բնապահպանների կարծիքով՝ հանքի շահագործումն իրականցվում է բնապահպանական նորմերի խախտմամբ։

Շահագործումը ստանձնել է «Վալլեքս գրուպ» ընկերությունը՝ ՎՏԲ բանկի տրամադրած վարկային միջոցներով։ Թեղուտի անտառի պաշտպանության համար ստեղծվել է բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություն, որը բազմիցս դիմել է հայաստանյան դատարան, սակայն հարցը լուծում չի ստացել։ ՀՀ ԱԺ մեծամասնությունը՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, մերժել է Թեղուտի հանքի շահագործման օրինականությունը բացահայտելու համար հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը։