Home / Տեսանյութեր / Բուհերի ռեկտորներին կոչ են արել կանխել դասախոսական անձնակազմի կազմալուծումը

Բուհերի ռեկտորներին կոչ են արել կանխել դասախոսական անձնակազմի կազմալուծումը

Պետական և մասնավոր կազմակերպություններում համատեղությամբ աշխատողների սոցվճարների հարցով «Դեմ եմ» նախաձեռնությունը դիմել է հայաստանյան բուհերի ռեկտորներին։ Խնդիրն այն է, որ պետական հաստատությունների աշխատակիցները ստիպված են վճարումներ կատարել նաև մասնավոր սեկտորում, քանի որ իրենց տվյալներն առկա են համակարգում։

Ռեկտորներին ուղղված նամակում «Դեմ եմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ համատեղությամբ ոչ պետական հիմնարկներում աշխատող և ԲՈՒՀ-երում դասավանդող երիտասարդ մասնագետները հայտնվել են այդպիսի իրավիճակում, որ դասավանդումը շարունակելու դեպքում իրենց գումարային զուտ եկամուտը դառնում է ավելի ցածր, քան համատեղությամբ դասավանդումից հրաժարվելու դեպքում:

«Ուստի այսօր բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ովքեր տիրապետում են իրենց մասնագիտությանը, և պրակտիկայում ձեռք բերված հարուստ ու նորարար փորձը փոխանցում են ուսանողներին, ստիպված են հրաժարվել դասախոսական գործունեությունից: Սա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ բացասական հետևանքներից մեկն է, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է հասարակության առավել կիրթ, պայքարող և մտահոգ հատվածի կողմից:

Կոչ ենք անում ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասը կազմող կառույցների գլխավոր պատասխանատուների, ամենաբարձր ատյաններում անդրադառնալ խնդրին և ձեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել` դատապարտելով ԲՈՒՀ-երի դասախոսական անձնակազմի կազմալուծմանը միտված այս քաղաքականությունը:

Հուսով ենք՝ գիտակցում եք կրթության կարևորությունը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, անվտանգության, գիտելիքահեն տնտեսության և առողջ հասարակության կազմավորման գործում: Ձեր լռությունը կարող է կործանարար լինել և առավել ևս մեղսակից դարձնել տարվող անհեռատես, նույնիսկ՝ հանցավոր քաղաքականությանը։

Պահանջում ենք օր առաջ անդրադառնալ այս խնդրին և ամենայն լրջությամբ բարձրացնել հարցը պետական առավել բարձր օղակներում՝ կանխելով կրթական համակարգի ներկա կործանարար ուղին», – ասված է նամակում:

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում։

Ավելի վաղ վարչապետին տվյալ հարցով դիմել էին մի խումբ երիտասարդ դասախոսներ։