Home / Տեսանյութեր / Ոստիկանները ներխուժել են Գասպարիի բնակարան և ուժով բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները ներխուժել են Գասպարիի բնակարան և ուժով բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 25-ին ոստիկանները բաժին են բերման ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին՝ վերջինիս տուն ներխուժելով առանց դատարանի որոշման և նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառելով: Այս մասին Epress.am-ին պատմել է ինքը՝ Գասպարին։

Նշենք, որ այս պահին ակտիվիստի դեմ մոտ 10 քաղաքացիական և վարչական հայցեր են ներկայացված, ինչպես նաև նա անցում է 1 քրեական գործով, որի շրջանակում էլ բերման է ենթարկվել։

Գասպարին, ոստիկաններին իր շքամուտքում տեսնելով, զանգահարել է իր շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանին, սակայն ոստիկանները քաշքել են նրան, ձեռնաշղթաներ հագցրել և տարել բաժին։ Գասպարին ձեռքերի և ուսի շրջանում վնասվածքներ է ստացել։

Բերման ենթրակելու պահի տեսանյութը Վարդգես Գասպարին տեղադրել է Facebook֊ի իր էջում՝ այստեղ։

Ակտիվիստը Epress.am-ին ներկայացրել է քրեական գործի նախապատմությունը: 2013 թվականին «Փակ շուկայի» դիմաց ակցիայի ժամանակ Գասպարիի պաստառը գողացել են, գործի քննության ընթացքում պարզվել է, որ դա արել է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի աջակիցներից մեկը: Սակայն, ինչպես նշում է Գասպարին, վարչական վարույթը սկսվել է հենց իր դեմ:

Գործով դատական նիստի ժամանակ դատավոր Ռուզաննա Հակոբյանը զգուշացրել է Գասպարիին՝ բարձր խոսելու համար:

«Ես ասացի, որ Մարտի 1-ի սպանվածների գործերը դեռ չեն բացահայտվել, իսկ իմ նկատմամբ սանկցիա է կիրառվել ընդամենը բարձր խոսելու համար: Դատավորը միջնորդեց իմ նկատմամբ քրեական գործ հարուցել [քրօրի 343 հոդված՝ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք]»,- պատմել է Գասպարին:

Քրեական գործը հարուցելուց հետո Գասպարիին ծանուցել են այդ մասին, սակայն քանի որ ծանուցումը պատշաճ չի եղել, նա չի ներկայացել ոստիկանության Արաբկիրի բաժին:

«Ես գրություն ուղարկեցի, որ պետք է պատշաճ կարգով գրեք՝ ինչ կարգավիճակով եք ինձ կանչում», – ասել է Գասպարին:

Ոչ մի պատասխան չուղարկելով՝ ոստիկանները եկել են Գասպարիի տուն նրան բերման ենթարկելու համար՝ առանց բնակարան մուտք գործելու դատարանի որոշման առկայության։

Մանրամասները՝ տեսանյութում