Սահմանամերձ գյուղերում գործարարներին արտոնություններ տալու մասին ՀՀ կառավարության նախագիծը, որը երեկ ներկայացվել է ԱԺ֊ում, դեռևս չի սահմանում, թե որ համայնքներում է կիրառվելու օրենքը:
Այս փաստը դժգոհություն է առաջացրել ԱԺ պատգամավորների մոտ նախագծի քննարկման ժամանակ: «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչպես է Կառավարությունը համայնքների վերաբերյալ վերլուծություն կատարել, եթե դրանց ցանկը դեռ չկա:
Թևան Պողոսյանի հարցին պատասխանելով՝ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասել է, որ դեռ հստակեցված չէ նույնիսկ, թե ծրագիրը հարևան որ երկրի սահմանին մոտ գտնվող գյուղերին է վերաբերելու։ Փոխնախարարի խոսքով՝ ցանկում կարող են ընդգրկվել ինչպես ռազմական գործողություններից տուժած, այնպես էլ սոցիալական վատ պայմաններում գտնվող բնակավայրերը, որոնք սահմանակից են Վրաստանին, Թուրքիային ու Իրանին:
Թևան Պողոսյանը նկատել է, որ սահմանամերձ գյուղերում հիմնականում ապրում են երեխաներ ու 50-անց մարդիկ, իսկ աշխատող տարիքի մարդիկ կամ Ռուսաստանում են, կամ Երևանում, կամ որևէ այլ տեղ:
Պատգամավորը նշել է, որ եթե ցանկություն կա սահմանամերձ գյուղերին օգնել, ապա բիզնես միջավայրը բարելավելն ամենաճիշտ գործողությունը չէ: Ընդ որում, ներկայիս ծրագրում հարկային արտոնությունները ոչ միայն փոքր և միջին ձեռնարկատերերին են վերաբերում, այլև ԱԱՀ-ով աշխատող ձեռնարկատերերին:
«Այդ տատիկ-պապիկները վարսավիրանոց գնո՞ւմ են, խանութներից օգտվո՞ւմ են: Հիմա մենք դրանք ազատում ենք հարկից, բացի տաքսիից, որը կարող ես էնտեղ գրանցես, գաս Երևանում քշես։ Վատ բան ե՞նք անում», – Կառավարության ծրագիրը արդարացրել է ՀՀԿ-ական պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեռուստաալիքներով գովազդում են, թե Կառավարությունը սահմանամերձ գյուղին է օգնում, թեև իրականում այդ հայրենասիրական անվան տակ այլ բան է թաքնված:
«Այդ տատիկ-պապիկներն այդ խանութներում 100 հազարավոր [դրամների] նիսյաներ ունեն: Էդ փողը տվեք իրենց, տանեն իրենց պարտքերը փակեն, ոչ թե հիմա էլ հարկային արտոնությունների տակ սահմանամերձ գոտիներում ձեր օբյեկտները, ձեր միլիարդները կրկնապատկեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ 54 ձեռնպահ, 40 կողմ և 3 դեմ ձայների համամասնությամբ ԱԺ-ն մերժել էր սահմանապահ գյուղերի աջակցության օրինագիծը, որը ներկայացրել էր Փաշինյանը:
Վերջինս, մասնավորապես, առաջարկում էր սահմանապահ գյուղերի համար սահմանել 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով, ինչպես նաև սահմանապահ համայնքների բնակիչներին ազատել հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից: Նման կետեր կառավարության նախագծի մեջ չկան։